Բուխարեստ, 22 նոյեմբերի, 2016թ. – Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի երկրներում 2016թ. կարձանագրվի ՀՆԱ-ի համեստ աճ: Նավթի և այլ ապրանքների ցածր գները, ներդրումների ծավալների անկումը Եվրոպական Միությունում և ընթացիկ կառուցվածքային մարտահրավերները խոչընդոտում են տարածաշրջանի աճին և նպաստում ամբոխահաճության ու բևեռաացման մեծացմանը, արձանագրում է Համաշխարհային բանկի վերջին զեկույցը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսության վերաբերյալ:
Այսօր Բուխարեստում (Ռումինիա) հրապարակված զեկույցը մատնանշում է, որ տարածաշրջանում 2016թ. կլինի համեստ աճ՝ 1.6 տոկոսի չափով, ինչը մի փոքր ավել է 2015թ. 1.4 տոկոս աճից, սակայն անկումը թե՛ եկամուտների, և թե՛ սպառման մասով ամենայն հավանականությամբ կմեղմի աճի այս համեստ ցուցանիշը: Կանխատեսվում է, որ այս միտումը կպահպանվի նաև 2017 և 2018 թվականներին, երբ աճը կլինի համապատասխանաբար 1.5 և 1.8 տոկոս:
Ըստ կանխատեսման՝ աճը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կմնա դրական՝ 0.7 տոկոս ՀՆԱ աճ 2016թ. 2.3 տոկոս՝ 2017թ. և 2.6 տոկոս՝ 2018թ. Միևնույն ժամանակ Եվրոպական Միությունում կանխատեսվող աճը փոքր ինչ կնվազի, մինչդեռ Արևմտյան Բալկաններում 2016թ այն կաճի մինչև 2.7 տոկոս, 3.2 տոկոս աճ է կանխատեսվում 2017թ. իսկ 2018թ.՝ 3.5 տոկոս:
«Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն և փախստականների ճգնաժամը փորձություն են եվրոպական համագործակցության համար, մինչդեռ տարածաշրջանի արևելյան հատվածը դեռևս փորձում է հարմարվել նավթի ցածր գներին: Աճի նոր աղբյուրներ գտնելու հարցում ողջ տարածաշրջանի ձախողումը նպաստում է ամբոխահաճության ու բևեռացման, ինչպես նաև հաստատությունների նկատմամբ անվստահության աճին», - ասաց Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Հանս Թիմերը:
Զեկույցի շրջանակում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ տնտեսական դաշտի փոփոխվող համայնապատկերի հետ կապված մտահոգությունները, մասնավորապես` զբաղվածության երաշխիքների բացակայությունը տարածաշրջանի երկրներում մեծացնում են քաղաքական բևեռացումը: Ժամանակավոր ու ոչ լրիվ դրույքով աշխատատեղերի կտրուկ ավելացումը և թվային տեխնոլոգիաներով պայմանավորված մասնագիտական հմտությունների նկատմամբ պահանջարկի փոփոխությունը մարդկանց շրջանում մտահոգություններ են ծնում, և հեռու վանում նրանց աջակցությունն հանդեպ կենտրոնամետ քաղաքական տիրույթի:
Զեկույցը նշում է, որ քաղաքականության մակարդակով պատշաճ արձագանքի բացակայության պայմաններում ընթացիկ կառուցվածքային մարտահրավերները խոչընդոտներ են ստեղծում տարածաշրջանի տնտեսությունների համար՝ վտանգելով աճի և աղքատության կրճատման հեռահար նպատակները: Այս մարտահրավերները հաղթահարելու համար կառավարություններն ու հասարակությունները պետք է նոր տնտեսական դարաշրջանին հարիր հեռանկարների հետամուտ լինեն՝ ժամանակ չվատնելով շտկումների վրա, որոնք նախկինում, երբ հանգամանքները բոլորովին այլ էին, արդարացնում էին իրենց:
«Համեստ աճը, որ մենք տեսնում ենք, ճիշտ ուղղությամբ քայլ է, սակայն ոչ բավարար` փարատելու մարդկանց մտահոգությունները տարածաշրջանում իրենց տնտեսական հեռանկարների մասով: Կառավարություններն այժմ կարող են քայլեր ձեռնարկել և օգնել, օրինակ՝ անել ավելին խթանելու ողջ կյանքի ընթացքում սովորելու գործընթացը, որպեսզի օգնեն մարդկանց գտնել աշխատանք կամ պահպանել այն, կամ ապահովել երեխաների ու տարեցների խնամքը՝ դրանով իսկ զբաղվածության հարցում ընձեռելով ավելի մեծ ճկունության հնարավորություն: Այս քայլերը կարող են նպաստել հավասար հնարավորությունների ձևավորմանը և ընդհանուր առմամբ զարկ տալ աճին»,- ասաց Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով Համաշխարհային բանկի փոխնախագահ Սիրիլ Մյուլերը:
Քաղաքականության մակարդակի այլ մոտեցումներից են աջակցությունը արտահանման նոր հնարավորություններ իրացնող ընկերություններին, ինչը հնարավոր է արտադրողների համար առավել մրցունակ միջավայրի ձևավորման, նոր բիզնես հիմնելու կամ նոր շուկա մուտք գործելու ծախսերն ու ժամանակը կրճատելու և դեպի գործունեության նոր ոլորտներ աշխատուժի տեղաշարժի մասով առկա սահմանափակումները նվազեցնելու միջոցով: Այս քայլերով պետք է նաև ապահովվեն ու պահպանվեն աշխատանքային և սոցիալական բուն պաշտպվածութնությունները՝ թույլ չտալու սոցիալական համախմբվածության խաթարում կամ քայքայում հատկապես խոցելի խմբերի համար, նշված է զեկույցում:
Զեկույցը նաև կոչ է անում բարելավել անհավասարության, այդ թվում հասարակական ընկալումներում անհավասարության մասով տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված ուսումնասիրություններն ու տվյալները: Հմտությունների մասով պահանջարկի և կյանքից բավարարվածության փոփոխությունների միջև կապը հիմնավորող հետագա ապացույցները կարող են ուղեցույց հանդիսանալ քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու հարցում, որոնք անհրաժեշտ են կարևոր տնտեսական փոփոխություններին հարմարվելու և սոցիալական ու քաղաքական լարվածությունը թուլացնելու համար: