Անտառվերականգնում Հայաստանի տնտեսության ու բնակչության համար
Կլիմայակայուն աճի կարևորումն ու կայուն «կանաչ» քաղաքականություններին ու բիզնես աշխատակարգերին հետամուտ լինելը, հատկապես անտառտնտեսության ոլորտում, շատ կարևոր է Հայաստանի ապագայի համար։
Բնակչության մի զգալի շերտ իր էներգետիկ կարիքները հոգալու համար կախված է անտառափայտից։ 1991 թվականի անկախացումից հետո անտառների դեգրադացիայի և անապատացման հետևանքով վառելափայտի հավաքն աստիճանաբար ավելի անկայուն է դառնում՝ անդրադառնալով գյուղական շրջաններում տնային տնտեսությունների կենսապահովման միջոցների և եկամուտների վրա։ Առևտրային նպատակներով փայտանյութի արտադրությունն ու հարակից զբաղվածությունը գրեթե զրոյական են Հայաստանում։
Շատ ավելին է անհրաժեշտ անել երկրի անտառածածկ տարածքները պահպանելու համար։
Թեև անտառների վերականգնման աշխատանքները ֆինանսավորվելու են ներքին և միջազգային հանրային միջոցների հաշվին, մասնավոր ներդրումը ևս կարևոր դեր է ունենալու։ Սա ենթադրում է թե՛ արագ աճող տնկադաշտերի ֆինանսավորում՝ կայուն վառելափայտի առաջարկը մեծացնելու նպատակով, թե՛ արդյունաբերական նշանակության փայտանյութի արտադրության ֆինանսավորում։
Արագ աճող վառելափայտի տնկարկները գյուղական հողատերերի համար պոտենցիալ տարբերակ են նրանց եկամտային աղբյուրների դիվերսիֆիկացման իմաստով։ Այդօրինակ ձեռնարկումները նաև կնպաստեն, որ Հայաստանում նվազի վառելափայտի չափազանց մեծ պահանջարկով պայմանավորված ճնշումը բնական անտառների վրա։
ՀՀ կառավարության՝ Քովիդ-19-ի ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցությունների մեղմացմանն ուղղված ծրագրերից մեկն օժանդակում է անտառային լանդշաֆտների վերականգնմանը, քանի որ դա ապահովում է գյուղական շրջաններում այնքան անհրաժեշտ զբաղվածությունը և ամրապնդում է ապագայի ռեսուրսային բազան էներգիայի ստացման նպատակով վառելափայտի ու փայտանյութի արտադրության ոլորտների համար, ինչպիսիք են ֆրեզերի և կահույքի արտադրությունը։
Կայուն անտառտնտեսությունը Հայաստանին օգնում է կատարելու կլիմայի մասով իր ստանձնած պարտավորությունները
Անտառների պահպանությունը շատ կարևոր է նաև Հայաստանի՝ կլիմայի մասով ստանձնած պարտավորությունների կատարման առումով, հատկապես հաշվի առնելով երկրի Ազգային մակարդակով որոշվող մասնակցությունը (NDC)՝ երկրների արտանետումները նվազեցնելու և կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու մասին Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակներում։
Հայաստանը արդիականացրել է 2021-2030 թթ․ NDC–ն, որը նպատակադրում է երկրի ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները, 1990 թվականի մակարդակի համեմատ, նվազեցնել 40 տոկոսով։ Հողի կայուն օգտագործումը և անտառային տնտեսության ավելի լավ կառավարումն անհրաժեշտ է լինելու այս թիրախին հասնելու համար։ NDC-ն, որպես իրականացման պլանի բաղադրիչ, նաև ներառում է մեկ այլ կարևոր թիրախ՝ անտառային ծածկույթի ավելացում մինչև 12․9 տոկոս։
Ինչպես կարող է օգնել Համաշխարհային բանկը
NDC աջակցության մեխանիզմի միջոցով, որը բազմադոնորային հավատարմագրային հիմնադրամ է, Համաշխարհային բանկն իրականացնում է Հայաստանում անտառային լանդշաֆտների վերականգնման հնարավորությունների ուսումնասիրություն։ Այն ենթադրում է իրավական և ինստիտուցիոնալ կարիքների, վերականգնման ներուժ ունեցող առանձնյակների և մասնավոր հատվածի մասնակցության հնարավորությունների գնահատում։ Ուսումնասիրությունը լրացնում է ՀՀ կառավարության՝ 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնությունը, հատկորոշում է վերականգնման նախաձեռնությունները և ուղի է հարթում անտառների մասով NDC թիրախներին ու, վերջին հաշվով, ՋԳ արանետումների նվազեցմանը հասնելու համար։
Ուսումնասիրության նախնական բացահայտումները վկայում են, որ Հայաստանում մեծ ներդրումային պոտենցիալ կա, ինչպես նաև մասնավոր հատվածի կողմից մեծ հետաքրքրվածություն՝ ներդրում կատարելու անտառների տնկման, ագրարային անտառտնտեսության, առևտրային նշանակության տնկարանների և մասնավոր անտառների բնագավառում։ Հետաքրքրվածություն կա նաև անտառային արժեշղթայի նկատմամբ։ Ուսումնասիրությամբ առաջարկվում են գոյություն ունեցող տարատեսակ անտառների վերականգնման ուղիներ և արդեն իսկ անտառապատ և ոչ անտառածածկ տարածքներում տեղական տեսակների համադրում։
Այս գնահատումները կնպաստեն ազգային լանդշաֆտի վերականգնման ռազմավարության և համապատասխան ժամկետային գործողությունների ծրագրի մշակմանը՝ անտառները վերականգնելու և այդպիսով ջերմոցային գազերի արտանետումների մասով NDC թիրախներին հասնելու համար։ Հետևաբար դա կօգնի երկրին որդեգրելու տվյալների վրա հիմնված, արդյունքներին միտված և բազմաշահառու մոտեցում անտառների վերականգնման հարցում՝ այդպիսով մեծացնելով հաջողության հնարավորությունները։
Դեպի կանաչ, դիմակայուն աճ
Անտառային լանդշաֆտի վերականգնման գնահատականները կարևոր գործոն են լինելու առաջիկայում նախատեսվող «ԿԱՆԱՉ Հայաստան» (Կանաչ վերականգնում զորեղացնելու, զինելու և խնամելու համար) հարթակի համար, որը ստեղծվելու է զարգացման գործընկերների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ, աջակցելու և խթանելու է Հայաստանի «կանաչ» վերականգնումն ու փոխակերպումը։ Ավելին, «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը կլինի նոր գաղափարների ձևավորման, տեխնոլոգիական հնարավորությունների խթանման և գլոբալ գիտելիքի յուրացման տարածք։
Այդ աշխատանքներն առանցքային են լինելու անտառային ռեսուրսները պահպանելու հարցում Հայաստանին օգնելու համար, ինչը շատ կարևոր է երկրի՝ կլիմայի փոփոխությունների մեղմացման և հարմարվողականության միջազգային հանձնառությունները կատարելու, «ավելի լավ ապագա կառուցելու» հարցում՝ ստեղծելով շարունակական և դիմակայուն վերականգնման հնարավորություն բոլոր հայաստանաբնակների համար։