«Միգրացիան մարդիկ են» կարգախոսով ընթացավ ՄԴՓՀՑ (Միգրացիայի և մասնավոր դրամական փոխանցումների հավաքական ուսումնական ցանց) վերջին տարեկան գիտաժողովը:
Գիտաժողովը անցկացվեց Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (ԵԿԱ) տարածաշրջանային միգրացիայի ծրագրի շրջանակներում: Գիտաժողովի ընթացքում ԱՊՀ-ի 9 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի փորձագետների և մասնագետների լայն ու միասնական համայնքի ներկայացուցիչներն իրենց գիտելիքները, փորձը և տեսակետները փոխանակեցին անհապաղ լուծումներ պահանջող միգրացիոն մարտահրավերների վերաբերյալ:
ՄԴՓՀՑ-ն միգրացիայի և դրամական փոխանցումների հարցերով ԵԿԱ երկրների փորձագետների և մասնագետների համայնք է: Նրա հավաքական ուսումնական ցանցը պաշտոնապես հիմնադրվեց 2009 թվականին Մոսկվայում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ: Մինչ 2010 թվականի գիտաժողովն իրականացված մի շարք ուսումնական ծրագրեր հիմք ծառայեցին ցանցի հետագա զարգացման համար:
Վերջին մի քանի տարիների ընթացքում տարածաշրջանի շատ երկրներում զգալիորեն ավելացան աշխատանքային միգրանտներից ստացվող դրամական փոխանցումները: Միգրացիան և դրամական փոխանցումները զգալի հետևանքներ ունեցան նշված երկրների հիմնական մասում արձանագրված տնտեսական աճի, ինչպես նաև աղքատության կրճատման վրա: Համաշխարհային բանկը վարկային ծրագրերի և միգրացիոն քաղաքականության բարելավմանն ուղղված քայլերի միջոցով օժանդակեց տարածաշրջանի երկրներին լուծելու միգրացիայի և դրամական փոխանցումների հետ կապված խնդիրները:
Այս տարվա գիտաժողովում հիմնական քննարկումները ծավալվեցին միգրանտների տնտեսական և սոցիալական ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ:
Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի օժանդակության շնորհիվ այս տարի գիտաժողովում առաջին անգամ տնտեսագետները և մարդաբանները (անթրոպոլոգները) համատեղ քննարկեցին աշխատանքային միգրացիայի հետ կապված հարցերը: Քննարկման նպատակը Ռուսաստան ժամանող աշխատանքային միգրանտների կողմից այդ քայլին դիմելու դրդապատճառների ամբողջական վերհանումն էր: Նշվեց, որ մի կողմից միգրանտները լրացուցիչ եկամտի օգնությամբ ցանկանում են բարելավել իրենց ապրելակերպը, իսկ մյուս կողմից օտար երկրում ապրելը անդրադառնում է միգրանտների անհատական կենսափորձին՝ հաճախ նաև ազդելով նրանց սոցիալական կարգավիճակի վրա: