Այս զեկույցում ուսումնասիրվում են կլիմայական և զարգացման միահյուսված մարտահրավերները և ներկայացված է ավելի մաքուր շրջակա միջավայրի, էներգետիկ անվտանգության և դիմակայուն տնտեսության հասնելու համակողմանի ճանապարհային քարտեզ:
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի էլեկտրաէներգետիկական, ջեռուցման և տրանսպորտի ոլորտները մեծապես կախված են ներկրվող բնական գազից, որը կազմում է երկրի ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների երկու երրորդը: Հայաստանը նաև խիստ խոցելի է կլիմայի փոփոխության, մասնավորապես վարարումների, երաշտների, ջերմային սթրեսի, կարկուտների ու սողանքների բացասական ներգործությունների նկատմամբ: Ջրի և գյուղատնտեսության ոլորտների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունն ինքնին կարող է մինչև 2060 թվականը երկրի տնտեսությունը կրճատել մինչև 3%-ով, իսկ մինչև 2030 թվականն աղքատությունն ավելացնել գրեթե 2.7 տոկոսային կետով: Հայաստանի կլիմայի և զարգացման զեկույցում ուրվագծված է դիմակայուն, ցածր ածխածնային ապագայի ուղին` կարևորելով գազից արևային անցումը, որպես կարևոր քայլ էներգետիկ անվտանգության և պարենային ու ջրային անվտանգության բարելավումների ուղղությամբ, ինչն առանցքային է դիմակայուն տնտեսական աճի համար: Դիմակայուն, ցածր ածխածնային ուղով զարգացման համար 2025-ից 2060 թվականների ընթացքում պահանջվելու է մոտավորապես 8 միլիարդ դոլարի ներդրում, որի օգուտներն, ըստ ակնկալիքների, կգերազանցի ծախսերը: Այն ներդրումների լիարժեք իրացումն ապահովող հիմնական հայեցակարգային բարեփոխումներից են հարկաբյուջետային և ինստիտուցիոնալ բարեփոխումները` զուգակցված կրիտիկական նշանակության ոլորտների բարեփոխումներով, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, ջուրը, գյուղատնտեսությունը և աղետների ռիսկի կառավարումը:
Հիմնական բացահայտումները
Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացումն ու հարմարվողականությունը չափազանց կարևոր են Հայաստանի երկարաժամկետ տնտեսական դիմակայունության, էներգետիկ անվտանգության և բնապահպանական կայունության համար: Այս ուղղություններում ռազմավարական ներդրումները կնպաստեն կանաչ աճին, կմեծացնեն էներգետիկ անկախությունը և կխթանեն նորարարությունը տարբեր ոլորտներում` ապահովելով ավելի մաքուր, ավելի արտադրողական ու կայուն ապագա:
- Էներգետիկ անվտանգություն և դեկարբոնիզացում: Հայաստանի մեծ կախվածությունը ներկրվող բնական գազից, որը կազմում է երկրի էներգետիկ առաջարկի 63%-ը, երկիրը խիստ խոցելի է դարձնում արտաքին շոկերի նկատմամբ: Վերականգնվող էներգակիրների, մասնավորապես, արևային էներգիայի անցումը կնվազեցնի էներգետիկ ծախսերը, կբարելավի էներգետիկ անվտանգությունը և կկրճատի ջերմոցային գազերի արտանետումները` Հայաստանը դիրքավորելով իր կլիմայական թիրախների իրագործման ուղղությամբ, միաժամանակ ապահովագրելով իր տնտեսությունը գազի գնի ապագա տատանումների դեմ:
- Հարմարվողականություն և դիմակայունության ձևավորում։ Հայաստանի առկա ջրային սթրեսը և կլիմայի ազդեցությունների, ինչպիսիք են բերքատվության նվազումն ու հեղեղումների ավելացումը, նկատմամբ խոցելիությունն ընդգծում է հարմարվողականության համար ներդրումների հրատապ անհրաժեշտությունը: Մինչև 2050 թվականը կլիմայի փոփոխության հետևանքով հնարավոր է նվազի բերքատվությունը, իսկ անասնապահության ոլորտի արտադրողականությունը` մինչև 37% տոկոսով, հանգեցնելով գյուղատնտեսական արտադրողականության ավելի քանի 363 միլիոն դոլար կորստի: Ուժեղացնելով ջրի կառավարումը, բարձրացնելով գյուղատնտեսության դիմակայունությունը և լուծելով հողի դեգրադացման խնդիրը` Հայաստանը կարող է խուսափել զգալի կորուստներից և կրճատել աղքատությունը, հատկապես, գյուղական շրջաններում:
- Տնտեսական աճ կլիմայի փոփոխության դեմ գործողությունների միջոցով: Հայաստանի տնտեսության դեկարբոնիզացման համար սկզբնապես ներդրումներ կպահանջվեն, բայց դրանք ի վերջո կխթանեն ՀՆԱ-ն` ավելի մաքուր օդի, առողջապահության համար կատարվող ծախսերի նվազման և արտադրողականության բարձրացման շնորհիվ: Օդի աղտոտվածության նվազումը և կլիմայի փոփոխություններին հարմարվողականությունը կարող է մինչև 2060 թ. ՀՆԱ-ն ավելացնել տարեկան 1.5%` նպաստելով շարունակական, դիմակայուն աճին: Ավելին, կլիմայապես խելացի գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգետիկայի զարգացումը և ջրի կառավարման կայացած համակարգերը կստեղծեն աշխատատեղեր և կբարելավեն սննդամթերքի անվտանգությունը` նպաստելով տնտեսական աճին:
- Հնարավորությունները կանաչ աճի և նորարարության մասով: Կանաչ տեխնոլոգիաների և կայուն գործելակարգերի ուղղությամբ հասցեական ներդրումներով Հայաստանը կարող է ավելացնել արտահանման դիվերսիֆիկացումն ու բարձրացնել իր մրցունակությունը, կրճատել արտանետումները և լիարժեք օգտագործել նոր ձևավորվող գլոբալ շուկաների ընձեռած հնարավորությունները` կենտրոնանալով կայունության և ցածր ածխածնային լուծումների վրա:
Առաջարկություններ
Կանաչ աճ և տնտեսական անցում.
- Խթանել կանաչ աճը` համակարգային բարեփոխումների միջոցով. իրացնել կանաչ պրոդուկտների և ծառայությունների արտահանման ներուժը: Ընդլայնել շուկայական էներգետիկ աուդիտները և իրականացնել աշխատուժի շարժունակության բարեփոխումներ կանաչ տնտեսության համար:
- Մոբիլիզացնել մասնավոր կապիտալ կլիմայական նախագծերի համար. ամրապնդել պետական-մասնավոր գործընկերության համակարգերը` պարտավորությունները կառավարելու և իրականացումը դյուրացնելու համար: Ընդունել կանաչ տաքսոնոմիա և բնապահպանական, սոցիալական և կառավարման տեղեկությունների հրապարակման համակարգեր` ԵՄ կանոնակարգերին համապատասխանեցնելու համար: Սահմանել կոնցեսիոն վարկային գծեր` հարմարվողականության ոլորտում մասնավոր ներդրումների համար:
- Ներդնել ածխածնային գնագոյացում, օրինակ, շղթայի վերին օղակում ածխածնային հարկերի միջոցով` եկամուտներն օգտագործել խոցելի տնային տնտեսությունների փոխհատուցման համար:
Վերականգնվող էներգետիկա և էներգետիկ անցում
- Մասշտաբայնացնել վերականգնվող էներգիայի արտադրությունն ու պահուստավորումը. արդիականացնել էներգահաղորդման հանրապետական ցանցը` ինտեգրելով վերականգնվող էներգիան մինչև 2030 (1 ԳՎտ) և 2040 (4 ԳՎտ) թվականները: Մարտկոցային պահուստավորման լուծումների մասշտաբավորում` մինչև 2030 թվականը հասցնելով 1.8 ԳՎտ-ի:
- Անցում մրցակցային էներգետիկ շուկաների. Էլեկտրականության շուկայի աստիճանական ազատականացում և բնական գազի գների բարձրացում` հասցնելով միջազգային հենանիշներին: Ներդնել սոցիալական պաշտպանության հասցեական միջոցներ խոցելի սպառողների համար:
- Ներդրում կատարել առանցքային ոլորտներում էներգետիկ արդյունավետության ուղղությամբ. մեկնարկել ազգային ծրագիր` պետական և մասնավոր ներդրումների միջոցով էներգաարդյունավետության ձևավորումը խթանելու համար:
Ջրի կառավարում և արդյունավետություն
- Ավելացնել ջրի պահուստավորումն ու արդյունավետությունը. արդիականացնել ջրի ենթակառուցվածքը, որպեսզի այն սպասարկի 50,000 հեկտար ոռոգելի հողատարածք, և նոր պահուստային ենթակառուցվածքներում ներդրումների համար մշակել գլխավոր պլան:
- Բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը. ավելացնել ֆինանսավորումը կլիմայական, հիդրոլոգիական և օդերևութաբանական մոնիթորինգի համար: Ամրապնդել ինստիտուցիոնալ կարողություններն արդյունավետ ջրային կառավարման համար:
Գյուղատնտեսություն և պարենային անվտանգություն
- Խթանել գյուղատնտեսական արտադրողականությունը և դիմակայունությունը. Խրախուսման մեխանիզմներ ստեղծել կլիմայապես խելացի գյուղատնտեսական գործելակարգերի, ինչպիսին կաթիլային ոռոգումն է, կիրառման համար: Մշակել վաղ ազդարարման համակարգ գյուղատնտեսության համար:
- Բարձրացնել պարենային համակարգի դիմակայունությունը. ձևավորել պարենային անվտանգության մոնիթորինգի համակարգ` կլիմայական և տնտեսական ցնցումներին արձագանքելու համար:
Ենթակառուցվածք և դիմակայունություն
- Ամրապնդել ենթակառուցվածքների դիմակայունությունը. պարզել բնական աղետների ռիսկի ենթակա կրիտիկական ենթակառուցվածքները և մշակել վնասի մեղմման ռազմավարություններ:
- Իրականացնել հողի վերականգնման ծրագրեր. մշակել լանդշաֆտի վերականգնման համապետական համակարգ և վերատեղաբաշխել վնասակար գյուղատնտեսական սուբսիդիաները` ի աջակցություն այս նախաձեռնությունների: Անտառային տնտեսության և լանդշաֆտների վերականգնումն ինտեգրել կանաչ տաքսոնոմիայի մեջ։