ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2025 թ. ապրիլի 23 - Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զարգացող երկրների տնտեսական աճն ամենայն հավանականությամբ կդանդաղի` նշված է Համաշխարհային բանկի կողմից այսօր հրապարակված տարածաշրջանի տնտեսական նորությունների տեղեկագրում: Ակնկալվում է, որ 2025-26 թվականներին տարածաշրջանային աճը կկազմի 2.5%, ինչը պայմանավորված է արտաքին պահանջարկի նվազմամբ և Ռուսաստանում աճի տեմպի դանդաղմամբ:
2024 թվականին տնտեսական աճը տարածաշրջանում կայունացավ` 3.6%-ի մակարդակում, ինչին հիմնականում նպաստել է մասնավոր սպառումը և իրական աշխատավարձերի կայուն բարձրացումը, արտերկրից դրամական փոխանցումների բարձր մակարդակն ու սպառողական վարկերի աստիճանական ավելացումը, որոնք բոլորն էլ չեզոքացնում են Եվրոպական Միությունում աճի ցածր տեմպով պայմանավորված` արտաքին պահանջարկի նվազման հետևանքները:
Սննդամթերքի և ծառայությունների գների էլ ավելի բարձրացումը հանգեցրել է ավելի բարձր գնաճի, որը 2024թ. կեսերի 3.6%-ից մինչև 2025 թվականի փետրվարը հասավ 5%-ի` նախորդ տարվա համեմատ: Գնաճի` վերջերս գրանցված ավելացումը մի շարք կենտրոնական բանկերի դրդեց բարձրացնել վերաֆինանսավորման դրույքաչափերը կամ տարաժամկետել հետագա թեթևացումը:
«Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները կարողացել են անցած տարի պահպանել կայուն աճ, սակայն գլոբալ անորոշությունը, աշխարհաքաղաքական մասնատվածությունը և հիմնական առևտրային գործընկերների կողմից ընդլայնման թույլ տեմպն էլ ավելի են դժվարացնում այս աճի կայունության ապահովումը», նշել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանին: «Ավելի երկար ժամանակամիջոցում ավելի կայուն տնտեսական ընդլայնման հասնելու համար շատ կարևոր է, որ տարածաշրջանի երկրներն արագացնեն ներպետական համակարգային բարեփոխումները, որոնք կնպաստեն դինամիկ ու նորարար մասնավոր հատվածի կայացմանը, ձեռնարկատիրությանը և տեխնոլոգիաների համատարած կիրառմանը»:
Կենտրոնական Ասիան, ըստ ամենայնի, կշարունակի լինել ամենաարագ աճող ենթաշրջանն այս և հաջորդ տարի, նույնիսկ 2025-26 թվականներին կանխատեսվող աճի տեմպի նվազման պայմաններում, որը կկազմի 4.7%: Աճի տեմպի դանդաղումը պայմանավորված է Ղազախստանում նավթի ոլորտի ընդլայնման ծավալների թուլացմամբ, ինչպես նաև արտահանման ծավալների նվազմամբ և արտերկրից դրամական փոխանցումների ներհոսքի նորմալացմամբ:
Հարավային Կովկասում կանխատեսվում է, որ 2025-26 թվականներին աճը կկազմի միջինում 3.5%, քանի որ առևտրային միջնորդությունից, աշխատուժի և կապիտալի ներհոսքի շղթայական ազդեցությունները շարունակում են նվազել։
Ակնկալվում է, որ առևտրային քաղաքականության անորոշությունները, ավելացած առևտրային խոչընդոտները և եվրոյի գոտու մատակարարման շղթաներից առաջացող անուղղակի շղթայական ազդեցությունները կվտանգեն վերականգնումը տարածաշրջանի ցանկացած մասում: Արևելյան Բալկաններում ակնկալվում է, որ 2025-26 թվականներին աճը կլինի չափավոր` 3.4%, իսկ Կենտրոնական Եվրոպայում պետք է որ աննշան բարելավվի` հասնելով 2.7%-ի:
Ռուսաստանում կանխատեսվում է, որ աճի տեմպը 2025-26 թվականներին կնվազի մինչև 1.3%: Թուրքիայում աճի տեմպն, ըստ ամենայնի, չափավոր կբարելավվի` 2025-26 թվականներին կազմելով 3.3%, թեև կշարունակի մնալ իր երկարաժամկետ միտումից ցածր մակարդակում, քանի որ արտաքին պահանջարկը կմնա թույլ, իսկ տնտեսական վերահավասարակշռումը կշարունակվի: 2025 թվականին Ուկրաինայում ակնկալվում է աճի տեմպի նվազում մինչև 2%:
Ներկայիս բարդ գլոբալ միջավայրում աճի տեմպն արագացնելու եղանակների շուրջ հատուկ վերլուծությամբ սույն զեկույցը շեշտադրում է դինամիկ մասնավոր հատվածի կարևորությունը: Երկրները պետք է ավելի մեծ ներդրումներ կատարեն նորարարության ոլորտում, իրականացնեն բարեփոխումներ, որոնք կաջակցեն երիտասարդ ընկերություններին, կխորացնեն ֆինանսական շուկաները և կմեծացնեն գիտահետազոտական մշակումների ոլորտում ներդրումների ծավալները` միաժամանակ շարունակելով կենտրոնանալ գլոբալ տեխնոլոգիաների, գիտելիքի ու կապիտալի ինտեգրման վրա:
Որպեսզի տարածաշրջանի միջին եկամուտ ունեցող երկրները հասնեն բարձր եկամտային կարգավիճակի, նրանց տնտեսությունները պետք է ավելի դինամիկ դառնան: Այն երկրները, որոնք հաջողությամբ անցում են կատարել բարձր եկամտային երկրի կարգավիճակի, կարողացել են դրան հասնել ձեռնարկությունների դինամիկության և նորարարության շնորհիվ և պետք է պահպանեն այդ աճի տեմպը` լիարժեք օգտագործելով տեխնոլոգիաները, գիտելիքն ու կապիտալը` կազմակերպություններում արտադրողականության աճը խթանելու նպատակով:
«Բիզնեսում նորարարությունը և էքսպերիմենտը շատ կարևոր է արտադրողականությունը խթանելու համար և բարձր եկամտային կարգավիճակի հասնելու ու այն պահելու նախապայման է», նշել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Իվայլո Իզվորսկին: «Տարածաշրջանի միջին եկամուտ ունեցող երկրները կարող են հասնել բարձր եկամտային կարգավիճակի, եթե մասնավոր ընկերություններն աճեն, լինեն նորարար և մրցակցեն: Ճիշտ է, յուրաքանչյուր երկրին անհրաժեշտ է իր սեփական մոտեցումն աճը վերախթանելու համար, բայց նորարարության խթանման ու բիզնեսի դինամիկության համար նպաստավոր պայմանները ստեղծելը չափազանց կարևոր է»:
Զեկույցում փաստարկվում է, որ ավելի մեծ է ոչ թե փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում, այլ երիտասարդ, նորարար ընկերություններում ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը, քանի որ այս ընկերություններն են աշխատատեղեր ստեղծում: Այս մոտեցումը պետք է ամրապնդվի ֆինանսների հասանելիության լավարկմամբ, հատկապես, երկարաժամկետ և ռիսկային կապիտալի առումով: Տարածաշրջանը չունի բավարար ֆինանսներ, քանի որ վենչուրային կապիտալ ֆոնդերը և բաժնեմասային ֆինանսավորման մեխանիզմը դեռևս թերզարգացած է:
Դինամիկ ընկերությունների ի հայտ գալու համար շատ կարևոր է մրցակցության ամրապնդումը: Տարածաշրջանում չափազանց շատ են փոքր, արտադրողականության ցածր մակարդակ ունեցող բիզնեսները և փոքրաթիվ են խոշոր ընկերությունները, որոնք չեն հանդիսանում շուկաներում հաճախ գերիշխող դիրք ունեցող և գործարար դաշտի դինամիկությունը ճնշող պետական մասնակցությամբ ձեռնարկություններ:
Գործարար դաշտում նորարարությունը և տեխնոլոգիաների լայն կիրառությունը խթանող քաղաքականությունները, օրինակ` գիտահետազոտական մշակումների համար ավելի մեծ և նպատակային խթանները, ևս անհրաժեշտ են` օգնելու ընկերություններին իրենց արտադրողականությունը բարձրացնելու և ավելի նորարար դառնալու հարցում: Տարածաշրջանում շատ ընկերություններ ներկայումս հիմնվում են ռեսուրսների տեղաբաշխման վրա և որպես արտադրական օբյեկտներ են հանդես գալիս օտարերկրյա կազմակերպությունների համար` փոխարենը մշակելու սեփական տեխնոլոգիաները:
Եվ վերջիվերջո, մարդկային կապիտալում ներդրում կատարելը շատ կարևոր է շատ հմուտ աշխատողների և ձեռներեցների գրավելու և նրանց պահպելու, ինչպես նաև վերապատրաստումների միջոցով կարողությունների զարգացման հնարավորություններ ստեղծելու հարցում:
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական աճի համառոտագիր, 2021-26 թ. | ||||||
(Իրական ՀՆԱ աճի տեմպը, տարեկան տոկոսային փոփոխություն) | ||||||
Երկիր | 2021 | 2022 | 2023 | 2024e | 2025f | 2026f |
Ալբանիա | 9.0 | 4.8 | 3.9 | 3.9 | 3.2 | 3.1 |
Հայաստան | 5.8 | 12.6 | 8.3 | 5.9 | 4.0 | 4.2 |
Ադրբեջան | 5.6 | 4.6 | 1.1 | 4.1 | 2.6 | 2.4 |
Բելառուս | 2.4 | -4.7 | 3.9 | 4.0 | 2.2 | 1.2 |
Բոսնիա և Հերցեգովինա | 7.3 | 3.7 | 1.9 | 2.6 | 2.7 | 3.1 |
Բուլղարիա | 7.8 | 4.0 | 1.9 | 2.8 | 1.6 | 2.1 |
Խորվաթիա | 12.6 | 7.3 | 3.3 | 3.8 | 3.1 | 3.0 |
Վրաստան | 10.6 | 11.0 | 7.8 | 9.4 | 5.5 | 5.0 |
Ղազախստան | 4.3 | 3.2 | 5.1 | 4.8 | 4.5 | 3.6 |
Կոսովո | 10.7 | 4.3 | 4.1 | 4.4 | 3.8 | 3.8 |
Ղրղզստանի Հանրապետություն | 5.5 | 9.0 | 9.0 | 9.0 | 6.8 | 5.5 |
Մոլդովա | 13.9 | -4.6 | 1.2 | 0.1 | 0.9 | 2.4 |
Մոնտենեգրո | 13.0 | 6.4 | 6.3 | 3.0 | 3.0 | 2.9 |
Հյուսիսային Մակեդոնիա | 4.5 | 2.8 | 2.1 | 2.8 | 2.6 | 2.7 |
Լեհաստան | 6.9 | 5.3 | 0.1 | 2.9 | 3.2 | 3.0 |
Ռումինիա | 5.5 | 4.0 | 2.4 | 0.9 | 1.3 | 1.9 |
Ռուսաստանի Դաշնություն | 5.9 | -1.4 | 4.1 | 4.1 | 1.4 | 1.2 |
Սերբիա | 7.9 | 2.6 | 3.8 | 3.9 | 3.5 | 3.9 |
Տաջիկստան | 9.4 | 8.0 | 8.3 | 8.4 | 6.5 | 4.9 |
Թուրքիա | 11.4 | 5.5 | 5.1 | 3.2 | 3.1 | 3.6 |
Ուկրաինա | 3.4 | -28.8 | 5.5 | 2.9 | 2.0 | 5.2 |
Ուզբեկստան | 8.0 | 6.0 | 6.3 | 6.5 | 5.9 | 5.9 |
Աղբյուրը` Համաշխարհային բանկ Նշում. Հաշվարկները և կանխատեսումներն արտացոլում են մինչև 2025 թ. ապրիլի 10-ն առկա տվյալները, e = հաշվարկ, f = կանխատեսում, ՀՆԱ = Համախառն ներքին արդյունք |