ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ապրիլի 2023 թվական – Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական ակտիվությունը հավանական է, որ այս տարի զսպված մնա՝ պայմանավորված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքներով, կայուն բարձր գնաճով և ֆինանսական ավելի խիստ պայմաններով՝ ասվում է այսօր լույս տեսած՝ Համաշխարհային բանկի տարածաշրջանի Տնտեսական տեղեկագրում։
Այժմ սպասվում է, որ 2023 թվականին տարածաշրջանում թողարկման ծավալները կաճեն 1,4 տոկոսով՝ զգալի լավ, քան նախկինում ակնկալվող 0,1 տոկոսը։ 2023 թվականի դրական, թեև խորապես ընկճված տնտեսական ակտիվությունն արտացոլում է Ռուսաստանի տնտեսության ծավալների ավելի թույլ կրճատումը և Ուկրաինայի զարգացման հեռանկարների բարելավումը։ 2024-2025 թվականներին սպասվում է, որ գնաճի թուլանալուն, ներքին պահանջարկի վերականգնմանը և արտաքին միջավայրի բարելավմանը զուգահեռ աճը տարածաշրջանում միջինը 2,7 տոկոսով կավելանա։
Սպառողական, մասնավորապես՝ սննդի և էներգակիրների գների շեշտակի բարձրացումը 2022 տարեվերջին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ձևավորվող շուկաներում և զարգացող տնտեսություններում հանգեցրել է տարեկան գնաճի միջնարժեքի մինչև 15,9 տոկոս կտրուկ աճի՝ ամենաբարձրը ավելի քան քսան տարվա ընթացքում և աշխարհի բոլոր զարգացող տարածաշրջանների թվում։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ձևավորվող շուկաներում և զարգացող տնտեսություններում գնաճը միջինը 4 տոկոսից ցածր էր՝ մինչև 2021 թվականից սկսեց բարձրանալ։
Խիստ անորոշ հեռանկարը պահպանվում է։ 2023 թվականի աճը կարող է թույլ լինել, եթե Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով առաջացած պատերազմն ավելի սրվի, սննդի և էներգակիրների գները շարունակեն բարձրանալ, տոկոսադրույքի շեշտակի բարձրացումներն աշխարհում կամ տարածաշրջանում արագանան, կամ դեպի տարածաշրջան կապիտալի հոսքերը հանկարծ հակառակ շրջվեն։ Որոշ զարգացած տնտեսությունների բանկային ընթացիկ զարգացումների տարածումը կարող է ազդել տնտեսական աճի վրա։
Կանխատեսվում է, որ այս տարի Ուկրաինայի տնտեսությունը կաճի 0,5 տոկոսով, 2022 թվականին՝ Ռուսաստանի կողմից երկիր ներխուժման տարում, տնտեսության ծավալների շշմեցուցիչ՝ 29,2 տոկոսանոց կրճատումից հետո։ Թեպետ ներխուժման հետևանքով Ուկրաինան հսկայական տնտեսական վնաս է կրել, Ուկրաինայի Սևծովյան նավահանգիստների վերաբացումն ու հացահատիկի առևտրի վերսկսումը, ինչպես նաև դոնորների նշանակալի աջակցությունն օգնում են այս տարի տնտեսական ակտիվությանն օժանդակելուն։ Ըստ Համաշխարհային բանկի վերջին հաշվարկների՝ Ուկրաինայի վերակառուցման և վերականգնման արժեքն այժմ աճել է մինչ 411 միլիարդ դոլար, ինչը 2021 թվականին Ուկրաինայի մինչպատերազմյան տնտեսության չափից 2 անգամ ավելի է։
2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիայում երկու ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ՝ հասցնելով, ըստ Համաշխարհային բանկի հաշվարկների, շուրջ 34,2 միլիարդ դոլարի կամ երկրի 2021 թվականի ՀՆԱ-ի 4 տոկոսի չափով ուղղակի վնաս։ Վերականգնման և վերակառուցման մի շարք կարիքներ ամբողջությամբ բավարարելու փաստացի արժեքը կարող է ուղղակի վնասների կրկնակին կազմել։ Վերջին երկրաշարժերի ազդեցությունը ներառելով՝ 2023 թվականի աճը կանխատեսվում է 3,2 տոկոս՝ 2024-25 թվականներին բարձրանալով միջինը 4,2 տոկոսի, որին կօժանդակեն կառավարության կողմից տնային տնտեսություններին ուղղված աջակցությունը և ներդրումները՝ վերակառուցման ընթացիկ ջանքերի շրջանակում։
Դանդաղ աճի և բարձր գնաճի ֆոնին՝ հաշվետվության մեջ ներառված է կենսաապահովման ծախսերի ճգնաժամի վերաբերյալ հատուկ շեշտադրմամբ գլուխ, որով քննության է առնվում տարածաշրջանի ժողովրդի կենսամակարդակի վրա բարձր գնաճի ազդեցությունը։
«Գնաճը նվազեցնում է մարդկանց իրական եկամուտները և բարձր գնաճն շատ ավելի մեծ ազդեցություն ունի բնակչության ամենաաղքատ, քան ամենահարուստ խմբերի վրա», - ասաց Իվայլո Իզվորսկին, Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետը։ «Խոցելի խմբերին ավելի լավ պաշտպանելու և տնտեսական աճը խթանելու համար քաղաքականությամբ անհրաժեշտ է հաշվի առնել ըստ եկամտի տարբեր մակարդակների գնաճի տարբեր ազդեցություններն ու ամենաաղքատների վրա բարձր գների փաստացի ծախսը չափելու ավելի ճշգրիտ ցուցանիշներ կիրառել»։
Տարածաշրջանի կառավարությունները կենսաապահովման ծախսերի ճգնաժամին արձագանքեցին սոցիալական աջակցությամբ և սուբսիդիաներով, ընդ որում վերջիններս ներառել են էներգակիրների գների բարձրացման մորատորիումներ, հասարակական տրանսպորտի նվազեցված վճարներ, տնային տնտեսությունների և տնտեսվարողների համար էլեկտրաէներգիայի և բնական գազի գների առավելագույն սահմաններ։
Այնուամենայնիվ, զեկույցի վերլուծությունը ցույց է տալիս, որ կենսաապահովման ծախսերի ճգնաժամի բեռն անհամաչափ է։ Այն բացահայտվում է, որ գնաճը բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի համար 2 տոկոսային կետով ավելի բարձր էր՝ համեմատած ամենահարուստ 10 տոկոսի հետ։ Նշված տարբերությունը տարածաշրջանի որոշ երկրներում, այդ թվում՝ Մոլդովայում, Չեռնոգորիայիում և Հյուսիսային Մակեդոնիայում, գերազանցել է 5 տոկոսային կետը։
Քաղաքականությունները, որոնցով հաշվի չեն առնվում գնաճի տարբեր մակարդակները, որոնց տնային տնտեսություններն առերեսվում են, հավանական է, որ խոցելի խմբերին ոչ համարժեք աջակցություն տրամադրեն և կարող են ի վերջո լինել թե՛ անարդյունավետ, թե՛ անարդյունք՝ նշվում է զեկույցում։ Այն խորհուրդ է տալիս գնաճի չափման համար չսահմանափակվել սպառողական գների ստանդարտ ինդեքսով (ՍԳԻ)՝ ամենաաղքատների կենսաապահովման փաստացի ծախսն ավելի ճշգրիտ արտացոլելու համար։ Ասվածն էական է աճի և աղքատության հաղթահարման ավելի լավ քաղաքականություն նախագծելու համար։