ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ապրիլի, 2023 թ. — Անտոնելլա Բասանին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանի նոր փոխնախագահն է. նա այսօրվանից սկսած ղեկավարելու է Համաշխարհային բանկի ռազմավարական, ֆինանսական և գիտելիքային աշխատանքը։
Տկն. Բասանին Իտալիայի քաղաքացի է։ Նա Համաշխարհային բանկում Բյուջեի, կատարողականի գնահատման և ռազմավարական պլանավորման հարցերով փոխնախագահ է աշխատել։ Նախկինում նա Համաշխարհային բանկում որպես Ռազմավարության և գործառնությունների տնօրեն Է աշխատել է երկու տարածաշրջանում (Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջան), որտեղ ռազմավարական առաջնորդություն և աջակցություն է ցուցաբերել տարածաշրջանային թիմերին՝ ռազմավարությունների, գործառնությունների, ճկուն և նորարարական ֆինանսավորման և գիտելիքային ծառայությունների մատուցման հարցում։ Տկն. Բասանին նաև Ռեսուրսների մոբիլիզացման տնօրեն է աշխատել՝ կառավարելով Միջազգային զարգացման ընկերակցության՝ ամենաանապահովների համար Բանկի հիմնադրամի, համալրումները։
«Ուրախ եմ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին միանալու համար»,- ասաց տկն. Բասանին։ «Կանաչ տնտեսության անցումից մինչև էներգետիկա և պարենային ապահովություն տեղյակ եմ մեր պատվիրատու երկրների առջև ծառացած մեծ մարտահրավերներին, հատկապես՝ կորոնավիրուսային հիվանդության համավարակից անմիջապես հետո և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պայմաններում։ Ակնկալում եմ ձեռք-ձեռքի տված աշխատել կառավարությունների մեր գործընկերների, զարգացման մեր գործընկերների և Համաշխարհային բանկի խմբի աշխատակազմի հետ՝ այս խնդիրներին անդրադառնալու համար»։
Տկն. Բասանին այս պաշտոնը լրացնում է զարգացման 30 տարվա փորձով։ Ի լրումն Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների, նա աշխատել է նաև Ենթասահարյան Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանում՝ համակցելով ողջ կառույցի գործառնական գիտելիքն ու ֆինանսական փորձառությունը։ Նախքան Բանկին միանալը, տկն. Բասանին աշխատել է ՏՀԶԿ-ում՝ Փարիզում։ Նա Ջոնս Հոփկինսի համալսարանից միջազգային տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ունի։
ԵԿԱ-ի մասին
Համաշխարհային բանկը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ աշխատում է աղքատությունը նվազեցնելու և համընդհանուր բարգավաճումն առաջ մղելու համար՝ մարդկային կապիտալի խթանման, շուկաների համար հնարավորությունների ստեղծման, կանաչ տնտեսությունների անցումը դյուրացնելու և հաստատությունների կառուցման և ամրապնդման միջոցով։ 2022 ֆինանսական տարում Համաշխարհային բանկը տարածաշրջանի 47 գործառնությունների համար 8.5 միլիարդ դոլարի վարկավորում է հաստատել, այդ թվում՝ 6.0 միլիարդ դոլարը ՎԶՄԲ հանձնառություններն են, 2.5 միլիարդ դոլարը՝ ՄԶԸ։