Skip to Main Navigation
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ հոկտեմբեր 7, 2020Õ©.

Առողջապահության և կրթության ոլորտի հատկացումների ավելացումն առանցքային է հետհամավարակի փուլում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հեռանկարային տնտեսությունների կայուն վերականգնման համար

ՎԱՇԻՆԳՏՈՆ, հոկտեմբերի 7, 2020 թ․Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հեռանկարային և զարգացող տնտեսություններն այս տարի, անշուշտ, 4․4 տոկոս կրճատում կգրանցեն, ինչը 2008 թվականի գլոբալ ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենածանր տնտեսական անկումն է․ ասված է Համաշխարհային բանկի «Տարածաշրջանի տնտեսական նորությունների» վերջին համարում, որը լույս է տեսել այսօր։

Սպասվում է, որ աճը կվերականգնվի 2021 թվականին՝ 1.1 տոկոսից 3․3 տոկոսի միջակայքում։ Հեռանկարը շարունակում է խիստ անորոշ մնալ, սակայն, իսկ ռիսկերի վեկտորը դեպի վատթարացում է։

Վերականգնման տեմպը կախված է կորոնովիրուսային (ՔՈՎԻԴ-19) համավարակի տևողությունից, պատվաստանյութի առկայությունից ու բաշխումից և համաշխարհային առևտրի ու ներդրումների բարելավման աստիճանից։ Արդյունքում՝ տարածաշրջանում աճը կարող է սպասվածից ավելի թույլ լինել, եթե համավարակը վատթարանա։

«Այսպիսի դժվար ժամանակներում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները պետք է անմիջական ճգնաժամից հեռուն նայեն և պատրաստվեն հետհամավարակային կայուն վերականգնման», - նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Աննա Բյերդեն։ «Սա նշանակում է՝ ուժեղացնել կառավարումը, բարելավել ներդրումային միջավայրն ու խթանել նորարարությունն ու թվային զարգացումը։ Որակյալ կրթության և առողջապահության մեջ զգալի և շարունակական ներդրումները հատկապես կարևոր են լինելու»։

2020 թվականին համավարակի առաջացրած տնտեսական կրճատման հետևանքով տարածաշրջանի բոլոր երկրներում սպասվում է աղքատության ավելացում։ Եթե որպես աղքատության գիծ վերցնենք օրական 3․20 դոլարը, ապա ըստ հաշվարկների ևս 2․2 միլիոն մարդ, հնարավոր է, հայտնվի աղքատության մեջ։ Իսկ օրական 5․50 դոլար աղքատության գծի պարագայում, որն ավանդաբար կիրառվում է միջինից բարձր եկամուտներ ունեցող երկրներում, աղքատության մեջ կարող է հայտնվել գրեթե 6 միլիոն մարդ։

Համավարակը նաև բացասական է անդրադարձել տարածաշրջանի կրթության և առողջապահության վրա։ Վիրուսն արդեն իսկ հազարավոր մարդկանց է սպանել, իսկ վերապրածներից ոմանք դեռ երկար կզգան առողջությանը հասցված վնասների հետևանքները։ Դպրոցների փակումը հնարավոր է հանգեցնի մեկ լիարժեք ուսումնական տարվա մեկ երրորդի չափով ուսումնառության կորստի և, ըստ ամենայնի, դա էլ ավելի կխորացնի անհավասարությունները՝ անհամաչափորեն ազդելով անապահով ընտանիքների սովորողների վրա։

Զեկույցի հատուկ վերլուծական մասում ասված է, որ բարձրագույն կրթության հասանելիության ու որակի բարելավումն ու մեծահասակների առողջական ռիսկի գործոնները մեղմելն առանցքային են տարածաշրջանի կայուն վերականգնման համար։ Մինչ տարածաշրջանի երկրները համեմատաբար լավ հիմնական կրթություն ու առողջապահական ծառայություններ են տրամադրում, ինչը գնահատվում է Համաշխարհային բանկի Մարդկային կապիտալի համաթվով, հարկ է ավելին անել, որպեսզի մարդիկ ու երկրները հաջողության հասնեն ապագայում։

«Միայն գոյատևելը բավարար չէ, ո՛չ էլ միայն հիմնական կրթություն ստանալը։ Չափահասները պետք է մնան առողջ, ակտիվ ու արդյունավետ իրենց ողջ կյանքի ընթացքում», - նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասով գլխավոր տնտեսագետ Ասլի Դեմիրգյուզ-Կունտը։ «Հատկապես կարևոր է ավելորդ քաշի, ծխելու և ալկոհոլի չարաշահման առողջական ռիսկերը նվազեցնելը, որոնք կարող են վտանգել ակտիվ ու արդյունավետ ծերացումը, և ապահովել, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները պատրաստեն ուսանողներին այսօրվա աշխատաշուկայի մարտահրավերներին»։

Տարածաշրջանում բնակչության ավելի քան 18 տոկոսն ունի ավելորդ քաշ, մարդկանց մոտ 23 տոկոսը չարաշահում է ալկոհոլը, իսկ մոտավորապես 26 տոկոսը ներկա պահին ծխող է։  Այս առողջական ռիսկերը հատկապես բարձր են Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում, որտեղ չափահաս մարդու կյանքի սպասվող տևողությունն ամենացածրն է տարածաշրջանում։ Այս ռիսկերի տարածվածությունը բարձրացնում է ոչ միայն, օրինակ, սրտանոթային հիվանդությունների, այլ նաև ՔՈՎԻԴ-19-ի նման վարակիչ հիվանդություններից մահացության և հիվանդացության հավանականությունը։

Որակյալ բարձրագույն կրթությունը շատ կարևոր է, որպեսզի մարդիկ պահպանեն իրենց մրցունակությունը արագ փոփոխվող աշխատաշուկաներում։ Արևմտյան Բալկանների, Արևմտյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում բարձրագույն կրթության բարելավումը նաև կօգնի այդ երկրներին պահել իրենց բարձր որակավորում ունեցող աշխատուժը՝ տևական արտագաղթի սպառնալիքի պայմաններում։

Տարածաշրջանում կրթության և առողջապահության ոլորտներում գենդերային տարբերությունները սահմանափակ են և, եթե դրանք կան, ապա դրանք միտված են ի նպաստ կանանց։ Ըստ էության, տղամարդիկ է, որ պետք է լրացնեն հիմնական ու բարձրագույն կրթության բացը, ասվում է զեկույցում։ Բայցևայնպես, կանանց ներկայությունը բնագիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) բնագավառում էականորեն զիջում է տղամարդկանց ներկայությանը յուրաքանչյուր երկրում։ Սա կարևոր հետևություն է, որովհետև ԲՃՏՄ գիտակարգերում բարձրագույն կրթության որակավորում ունեցող մարդիկ ավելի մեծ հավանականությամբ կարող են աշխատանք գտնել ու ավելի բարձր վարձատրություն ստանալ։

Առկա է նաև բացարձակ գենդերային խզվածք ծխելու և ալկոհոլի չարաշահման առումով․ այս երկու վարքագծերն էլ ավելի տարածված են տղամարդկանց շրջանում։ Արդյունքում՝ մահացության ցուցանիշը տարածաշրջանում, հատկապես, Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայում ավելի բարձր է տղամարդկանց շրջանում, քան կանանց։

Ըստ զեկույցի՝ կարևոր մարտահրավերներ են հիմնական և բարձրագույն կրթության բնագավառներում տղաների առաջադիմության բացը փակելը, կանանց կարիերայի ձգտումները զարգացնելը և քաղաքականության միջամտություններ մշակելը, որոնցից է, օրինակ, ալկոհոլի և ծխախոտի հարկի բարձրացումը տղամարդկանց շրջանում ծխելու և ալկոհոլի չարաշահման տարածվածությունը նվազեցնելու նպատակով։ 


Մամուլի հաղորդագրության համարը: 2021/ECA/27

Կապ

Yerevan
Vigen Sargsyan
vsargsyan@worldbank.org
Washington
Indira Chand
ichand@worldbank.org
Api
Api