ՎԱՇԻՆԳՏՈՆ, ԿՇ, սեպտեմբերի 5, 2018 թ.: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական զարգացման համար առանցքային է միջազգային միակցելիությունն առևտրի, ներդրումների, միգրացիայի, կապի և տրանսպորտի միջոցով: Միասին աշխատելով՝ նշված կապերն ընկերություններին գիտելիքի և տեխնոլոգիայի փոխանցման միջոցով օգնում են դառնալ ավելի արտադրողական, ասվում է Համաշխարհային բանկի նոր՝ «Վճռորոշ կապեր. տնտեսական աճի և դիմակայունության խթանումը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» (Critical Connections: Promoting Economic Growth and Resilience in Europe and Central Asia.) զեկույցում: Զեկույցում վերլուծության է ենթարկվում աճի վրա միակցելիության տարբեր տեսակների ազդեցությունը՝ այս կապերի տնտեսական օգուտներն առավելագույնի հասցնելու հարցում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականություն մշակողներին օգնելու համար:
«Զեկույցը ցույց է տալիս, որ տնտեսական ավելի մեծ միակցելիությունը հանգեցնում է գիտելիքի տարածման և ավելի բարձր տնտեսական աճի հասարակությունների, բայց շատ անգամ ավելի՝ եկամտի բաշխվածության ստորին հատվածի 40 տոկոսի համար», - ասում է Համաշխարհային բանկում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գլխավոր տնտեսագետ Հանս Թիմմերը:
Համաշխարհային բանկի նոր զեկույցում միակցելիությունը չափվում է ստեղծելով նոր ցուցանիշ՝ բազմաչափ միակցելիության ցուցիչ (MDC), որը համակցում է միջազգային կապերի տարբեր ուղիները, այդ թվում՝ առևտուր, ՕՈՒՆ, միգրացիա, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիա (ՏՀՏ) և տրանսպորտային կապեր: Ըստ զեկույցի՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում առավել լավ կապված ենթատարածաշրջաններն են՝ Արևմտյան Եվրոպան, ապա՝ Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Եվրոպան: Ընդհանուր միակցելիության մակարդակն ամենացածրն է Արևմտյան Բալկաններում, Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում:
Զեկույցը ցույց է տալիս նաև, որ այս կապերի օգուտները հիմնվում են միմյանց վրա՝ ընդգծելով այն ձեռքբերումները, որոնք երկրները կարող են ունենալ տարածաշրջանի մատակարարման շղթաներում գիտելիքի անուղղակի փոխանցման միջոցով և որպես հետևանք՝ գործնականում «կիրառելով սովորելուց» ստացվող գիտելիքը, որի փոխանցումը գրքերով կամ ուղեցույցերով դյուրին չէ:
Եվրոպայում բազմաթիվ քաղաքականություններ աջակցել են միակցելիության տարբեր ձևերին, ինչը հանգեցրել է մատակարարման ամուր շղթաների զարգացման և դուռ բաց արել ավելի բարձր արտադրողականության և աճի համար: Կենտրոնական Ասիայում, թեև համեստ միակցելիությունը պահպանվում է, առևտուրը, ենթակառուցվածքը և ինտեգրումը բարելավելուն ուղղված ներդրումները և քաղաքականությունները հանգեցնում են ողջ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս կապերի ավելացման:
Բազմաչափ միակցելիության ցուցիչը վկայում է, որ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում միակցելիությունը իրական ՀՆԱ-ի տարեկան աճին նպաստում է գրեթե կես տոկոսով, ընդ որում 40 տոկոս ամենացածր եկամուտ վաստակողների համար այն խթանում է շուրջ 1 տոկոսով:
«Միջազգային ինտեգրման ընդլայնումը խթանում է երկրների, ընկերությունների և մարդկանց միջև տեխնոլոգիայի և գաղափարների փոխանցումը, ինչն էական է երկարաժամկետ աճը և համընդհանուր բարգավաճումը խթանելու համար», - ասում է Համաշխարհային բանկում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով առաջատար տնտեսագետ և զեկույցի գլխավոր հեղինակ Դեյվիդ Գուլդը: «Ավելին, ինչպես սոցիալական ցանցերը, լավ կապեր ունեցող երկրների հետ կապված լինելը ավելի շատ գիտելիք և տեխնոլոգիա է բերում, քան մեկուսացած գործընկերների հետ կապը»:
Զեկույցում բացահայտվում է նաև, որ միակցելիության աճը տարածաշրջանի երկրներին ենթարկում է տնտեսական ցնցումների վտանգին: Սակայն, արտաքին պահանջարկի և ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ ապահովելով՝ բազմազանեցված կապերը կարող են այդ ռիսկերը նվազեցնել և երկրներին օգնել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ցնցումները կառավարելու հարցում:
Զեկույցում ընդգծվում է, որ տարածաշրջանի շատ երկրներ ավելի մեծ միակցելիություն են կառուցել՝ վերջին քսանհինգ տարիների ընթացքում տնտեսական զարգացումն առաջ մղելով: Սակայն միշտ չէ, որ միակցելիության՝ գիտելիքի և տեխնոլոգիայի փոխանցման միջոցով ստացվող տնտեսական օգուտներն ակնհայտ են, ինչպիսին են սովորաբար տնտեսական անորոշության մարտահրավերները: Մարտահրավերները ճանաչելով, ինչպես նաև տարբեր ուղիներով ավելի մեծ միակցելիության պոտենցիալ հնարավորությունները բացահայտելով, «Վճռորոշ կապեր» (Critical Connections) զեկույցը կարող է քաղաքականություն մշակողներին օգնել առաջիկա տասնամյակներում կարևոր կապերի խորացման հիմքեր կառուցելու հարցում: