ՎԱՇԻՆԳԹՈՆ, դեկտեմբերի 8, 2016 թ. – Հայաստանը և Համաշխարհային բանկն այսօր ստորագրեցին 50 միլիոն ԱՄՆ դոլար գումարով զարգացման քաղաքականության ֆինանսավորման գործառնությունը՝ տնտեսության առանցքային ոլորտներում Կառավարության բարեփոխումների ծրագրին սատարելու համար: Զարգացման քաղաքականության ֆինանսավորման 4-րդ վարկային ծրագիրը (ԶՔՖ-4) օժանդակում է Հայաստանի բարեփոխումների լայն շրջանակ՝ խթանելով հարկաբյուջետային, սոցիալական և բնապահպանական կայունությունը և ամրապնդելով մրցունակությունը: Այն 2013-2016 թթ. ընդգրկող՝ չորս ԶՔՖ-ների ծրագրային շարքի վերջին գործառնությունն է:
«Մեր նպատակն է սատարել Հայաստանի մակրոտնտեսական կայունությանը: Սույն գործառնությունը կօգնի բարելավել երկրի մրցունակությունը և գործարար միջավայրը և ավելացնել զբաղվածության հնարավորությունները»,- ասաց Լորա Ի. Բեյլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարը: «ԶՔՖ շարքը հիմնված է Համաշխարհային բանկի և Հայաստանի երկարամյա գործընկերության վրա և հենվում է նախորդ գործառնությունների վրա: Ընթացիկ շարքի առանցքում արտաքին բարձր խոցելիության և տեղի չտվող գործազրկության պայմաններում երկրի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման հարցում Կառավարությանն աջակցելն է»:
Սույն գործառնության առաջին հենասյունը ներառում է առանցքային ոլորտներում ֆինանսական կայունության և սոցիալական պաշտպանության ծրագրերի արդյունավետության բարելավման միջոցառումներ՝ միաժամանակ կատարելագործելով բնապահապանական երաշխիքները հանքարդյունաբերության ոլորտում, որին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման կեսից ավելին: Երկրորդ հենասյունը՝ մրցունակության բարելավումը, շեշտադրում է գործարար միջավայրի ամրապնդումը և առևտրի դյուրինացման և միակցելության բարելավումը, ինչպես նաև վարկավորման հասանելիությունը:
Սույն գործառնության օժանդակությամբ առանցքային ուղենիշերի թվում են՝ Հարկային միասնական օրենսգրքի ընդունումը, որը կարձագանքի հարկային համակարգի թերություններին և կընդլայնի աճը խթանող կապիտալ ներդրումների և սոցիալական ծախսերի համար հարկաբյուջետային տարածքը: Այն ներառում է եկամուտների ավելացման, հարկային համակարգի արդյունավետության, թափանցիկության և հավասարության բարելավման և հարկային վարչարարության ամրապնդման միջոցառումներ:
«Նոր Օրենսգիրքը հարկային քաղաքականության բարեփոխման ուղղությամբ լուրջ առաջընթաց քայլ է, քանի որ այն միասնականացնում և ներդաշնակեցնում է նախկինում առանձին երկու խումբ հարկային օրենքները՝ դրանք միատեղելով միասնական օրենսգրքում: Օրենսգիրքը կնվազեցնի կանոնների կրկնորդման ռիսկը, առավել ևս՝ տարբեր հարկային օրենքների միջև անհամապատասխանությունները: Եկամտային հարկերի մակարդակն ու կառուցվածքը վերանայելով, հարկերից ազատման արտոնությունները և հարկային պակասուրդը նվազեցնելով, ակցիզային հարկի դրույքաչափերն ավելացնելով և անհատների ու խոշոր ընկերությունների եկամուտների հարկման շրջանակն ընդլայնելով՝ Օրենսգիրքը միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի ավելի բարձր եկամուտների մոբիլիզացման»,- ասաց Գոհար Գյուլումյանը, ծրագրի թիմի համաղեկավարը:
Ծրագիրն օժանդակում է մի քանի բարեփոխումների, որոնք նպատակաուղղված են բնապահպանական օրենսդրության երաշխիքներին: Մասնավորապես, «Ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխությունները, որով այն համապատասխանեցվում է «Թափոնների մասին» օրենքին, կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա ընդերքօգտագործման գործունեության բացասական ազդեցությունները և կպահպանեն գյուղական վայրերի տնային տնտեսությունների կողմից տնօրինվող ռեսուրսները, որոնք հաճախ կախված են գյուղատնտեսական գործունությունից ստացվող եկամուտներից:
Այս գործառնությամբ շեշտադրվող մյուս ոլորտը գործարար միջավայրի բարելավումն է՝ «Սնանկության մասին» օրենքի փոփոխությունների ընդունմամբ, որով ավելի լավ հավասարակշռություն է սահմանվում վարկատուների և պարտապանների իրավունքների միջև: Գործառնությունն օժանդակում է նաև ֆինանսական ոլորտում թափանցիկության և հուսալիության բարձրացմանը՝ ընդունելով ֆինանսական հաստատությունների և խմբերի ապահովված իրավունքների բացահայտումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր:
50 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով չորրորդ ԶՔՖ-ն հաստատուն սպրեդով ՎԶՄԲ վարկ է՝ 14,5 տարի արտոնյալ ժամկետով և 25 տարի մարման ժամկետով:
1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր՝ Հայաստանի նկատմամբ ՄԶԸ-ի և ՎԶՄԲ-ի հանձնառությունների գումարը կազմել է 2,3 միլիարդ ԱՄՆ դոլար:
Պատասխանատուներ՝
Վաշինգթոնում՝ Մերիեմ Գրեյ,(202) 290-9611, mgray@worldbank.org;
Երևանում՝ Վիգեն Սարգսյան (374 10) 520 - 992, vsargsyan@worldbank.org
Հայաստանի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.worldbank.org/en/country/armenia կայքէջը:
Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/worldbankArmenia/
Մեզ այցելեք Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/worldbank
Վերջին թարմացումներին հետևեք Թվիթերի միջոցով՝ https://www.twitter.com/worldbank
YouTube –ի մեր ալիքը՝ https://www.youtube.com/worldbank