Skip to Main Navigation
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկն Հայաստանի 150 համայնքներում աջակցում է սոցիալական ներդրումներին

մարտ 13, 2015Õ©.


Համաշխարհային բանկն Հայաստանի 150 համայնքներում աջակցում է սոցիալական ներդրումներին

Համայնքային մակարդակում աշխատատեղերի ստեղծում ու աճի աշխուժացում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 մարտի, 2015թ. – Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց Սոցիալական ներդրումների ու տեղական զարգացման  (ՍՆՏԶ) ծրագրով Հայաստանին հատկացված 30 միլիոն ԱՄՆ դոլար վարկը: Այս ծրագրով աջակցություն կցուցաբերվի Հայաստանի կառավարությանը՝ բարելավելու համայնքային ենթակառուցվածքների որակը, գործածումն ու հասանելիությունը բնակչության աղքատ ու խոցելի խմբերին:

Հայաստանի համայնքներում կիրականացվեն սոցիալական ենթակառուցվածքների (դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական ու սոցիալական ծառայությունների կենտրոններ, համայնքային կենտրոններ, ջրամատակարարման ու աղբահանության համակարգեր), ինչպես նաև տնտեսական ենթակառուցվածքների (ոռոգման համակարգեր, գյուղմթերքների վերամշակման ու պահեստային շինություններ, շուկաներ և այլն) վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ: Գերակա կարիքները վերհանելու համար կկատարվի տնտեսական զարգացման ներուժի գնահատում, իսկ առաջնահերթությունը կսահմանի համայնքը:  

«Նոր ծրագրի ուղղակի շահառու կդառնան 150 համայնքներ, հիմնականում՝ գյուղական: Ծրագիրը հնարավորություն կտա վերհանել ներդրումային կարիքները, - ասաց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, - Ինձ համար հատկապես ուրախալի է, որ ծրագիրը կստեղծի աշխատատեղեր, որոնք անչափ անհրաժեշտ են և դրանով իսկ կնպաստի մասնակից համայնքներում եկամուտներ ձևավորելուն: Մեր հաշվարկներով կստեղծի շուրջ 300 հիմնական և 1.100 ժամանակավոր աշխատատեղ, ընդ որում անապահով համայնքներում աշխատավարձերի տեսքով ձևավորվող եկամուտը կկազմի ավելի քան 8 միլիոն ԱՄՆ դոլար»:

Սոցիալական ներդրումների ու տեղական զարգացման ծրագրի համար հիմք է հանդիսացել  Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված ամենահին ծրագրերից մեկը՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) ծրագիրը, որն ավելի քան 20 տարի երկրում աշխատանքներ էր իրականացնում տարածքային անհամաչափ զարգացման հարցերը շտկելու ուղղությամբ: ՀՍՆՀ ծրագիրն անապահովների կարիքներին արձագանքելու և հեռավոր ու դժվար հասանելի գյուղական համայնքներում տնտեսական աճը խթանելու կարևոր գործիք է եղել: Ինչպես նախկինում, այժմ ևս ծրագրի հաջողությունները պայմանավորված կլինեն այն հանգամանքով, թե ինչպես համայնքները կկարողանան պահպանել նոր ներդրումների արդյունքում արվածը:

Ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Առաջինը, համայնքային մակարդակում սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելն է, Սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրի մոդելի կիրառմամբ: Այս բաղադրիչի ներքո 120 համայնքներում կիրականացվեն միկրոծրագրեր: Սոցիալական ներդրումների ու համայնքային զարգացման ծրագրի ուշադրության կենտրոնում կլինեն համայնքային օղակի հասարակական, սոցիալական, տնտեսական և բնապահպանական ենթակառուցվածքների վերակառուցումն ու զարգացումը: Նաև նախատեսվում է այս աշխատանքների իրականացման համար համայնքային մակարդակում ձևավորել ինստիտուցիոնալ ու ֆինանսական կարողություններ:   

Երկրորդ բաղադրիչը, սոցիալ-տնտեսական զարգացման միջհամայնքային նախաձեռնություններն են, որի շրջանակում կֆինանսավորվեն երկու և ավելի համայնքներ միավորող երկարաժամկետ զարգացման հեռանկար ունեցող սոցիալ-տնտեսական նախաձեռնություններ: Զարգացման այս նոր համագործակցային մոտեցումը համայնքներին կտրամադրի լրացուցիչ խթաններ, որպեսզի համատեղ աշխատեն և կբացի հնարավորություններ, որոնք համահունչ են տարածքային զարգացման բարեփոխումների հայեցակարգի հետ: Ընդհանուր առմամբ Սոցիալական ներդրումների ու համայնքային զարգացման ծրագիրը կֆինանսավորի մոտ 30 միջհամայնքային նախագծման, ընտրության ու իրականացման փուլերում գտնվող ենթածրագրեր:

Երրորդ բաղադրիչի ներքո ծրագիրը կաջակցի ՀՍՆՀ-ի կայացմանը որպես Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ), անցում կատարելով փոքր ու առանձին ծրագրերից դեպի առավել խոշոր ու ինքնաբավ զարգացման ծրագրերին, որոնք միտված են 2012-2025թթ. Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի սոցիալ-տնտեսական անհամաչափությունները վերացնելուն ու ներդաշնակ տարածքային զարգացումը խթանելուն: Անցումային այս աշխատանքների հիմնական ուղղվածությունը կլինի միջհամայնքային ծրագրերը գնահատելու, խթանելու ու ընտրելու նոր գործիքակազմի ու մոտեցումների մշակումը, կազմակերպության զարգացումը և անձնակազմի կարողությունների ձևավորումը:   

«Այս նախաձեռնությունները կունենան թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ազդեցություն ու կարող են աշխուժացնել մարզերում կամ համայնքների խմբերում հետագա տնտեսական աճն ու մարդկային կապիտալի զարգացումը, - ասաց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Էրկին Մամադալիևը, - Ակնկալում ենք, որ ծրագիրը նաև կամրապնդի միջհամայնքային երկխոսությունը երկրով մեկ, կնպաստի գերակայությունների սահմանման ու զարգացման ծրագրերի մշակման ու պլանավորման աշխատանքներին: Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինեն անապահով ու ետ մնացող տարածքները»:

Ծրագրի ամբողջական ֆինանսավորումը կազմում է 42,85 միլիոն ԱՄՆ դոլար, որից 11 միլիոն ԱՄՆ դոլար հատկացվում է ՀՀ կառավարության կողմից, 1,85 միլիոն ԱՄՆ դոլար շահառու համայնքների կողմից, իսկ 30 միլիոն ԱՄՆ դոլարը վարկ ՎԶՄԲ-ի կողմից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է  2,066.730 մլն ԱՄՆ դոլար գումար:

 

Հայաստանի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.worldbank.org/en/country/armenia

Այցելեք մեզ Facebook-ում՝  https://www.facebook.com/worldbank

 

Հետևեք մեր նորություններին Twitter-ում՝ https://www.twitter.com/worldbank

Դիտեք մեզ YouTube-ում՝ https://www.youtube.com/worldbank

 



Լրատվամիջոցների հետ կապը
---ում Washington
Elena Karaban
հեռ. : +1 (202) 473-9277
ekaraban@worldbank.org
---ում Yerevan
Vigen Sargsyan
հեռ. : (374 10) 520 - 992
vsargsyan@worldbank.org

Մամուլի հաղորդագրության համարը:
2015/344/ECA

Api
Api

Welcome