Վիեննա, 1 հոկտեմբերի, 2013թ. – Այսօր ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում Համաշխարհային բանկը մեկնարկեց կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների կատարելագործմանն ուղղված մի նոր ծրագիր: Այս նախաձեռնությունը մեկնարկելու համար Վիեննայում անցկացվող համաժողովին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ արևելյան ու հարավ-արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵՄ-ից, այլ եվրոպական երկրներից ու միջազգային կառույցներից:
«Աուդիտի և հաշվետվությունների կատարելագործումը Արևելյան ործընկերության երկրներում» (STAREP) նոր ծրագրի մասնակից պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:
Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին, թե միջազգային հաշվետվական ստանդարտների և միջազգային ու եվրոպական կանոնակարգիչ դաշտի վերջին ու առաջիկայում նախատեսվող փոփոխություններն ինչ կերպ կանդրադառնան հաշվապահական հաշվառման ու աուդիտի բարեփոխումների իրենց պլանների վրա:
Այս առումով Համաշխարհային բանկի փոխնախագահ ու վերստուգող պ-ն Չարլզ ՄքԴանոուն շեշտեց ներդրումային որոշումների հարցում առանցքային գործոն հանդիսացող կորպորատիվ հատվածի ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների բարելավման աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը: Բացի այդ, նա առանձնացրեց աուդիտի կարգավորման մեծացող կարևորությունը և ինտեգրացված հաշվետվությունների դերը:
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանի տնօրեն պ-ն Հենրի Կերալին շեշտեց տարածաշրջանի բոլոր երկրներում գործարար միջավայրի որակի բարձրացման հարցում արդյունավետ ֆինանսական հաշվետվությունների ունեցած ներգործությունը: Հաշվապահական հաշվառման ու աուդիտի լավ համակարգերը նաև մեծացնում են թափանցիկությունը՝ դրանով իսկ օգնելով կոռուպցիայի նվազեցմանը:
STAREP-ը, որ սկզբնապես ֆինանսավորվում էր Զարգացման ավստրիական գործակալության և Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից, նախատեսում է օգնել մասնակից պետություններին ձևավորել հաշվապահական հաշվառման ու աուդիտի կայուն ու արդյունավետ շրջանակ, որը համահունչ է միջազգային ստանդարտներին և հաշվի է առնում ԵՄ օրենքների ու կանոնակարգերի համակարգով կամ acquis communautaire-ով առաջ քաշվող պահանջները:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար պ-ն Սուրեն Կարայանն ասաց. «Ակնկալում ենք, որ նոր STAREP տարածաշրջանային ծրագիրը նոր թափ կհաղորդի կորպորատիվ հաշվետվությունների համակարգի բարեփոխումներին: Ծրագրի ներքո կարևորվում է միմյանցից սովորելու պրակտիկան, ինչպես նաև առանձին օժանդակություն է ցուցաբերվելու Հայաստանին կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների դաշտը բարելավելու ու տեղական հաստատությունների կարողությունները զարգացնելու հարցում»:
Ավստրիայի ֆինանսների նախարարության գլխավոր տնօրեն պ-ն Հարալդ Վայգլայնը ասաց. «Վերջին ֆինանսական ճգնաժամն ի ցույց դրեց կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների արդյունավետ համակարգերի կարևորությունը: Ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների կենտրոնը եղել է կորպորատիվ թափանցիկության ու արդյունավետ կորպորատիվ կառավարման խթանման առաջամարտիկների շարքում մի տարածաշրջանում, որը կենսական նշանակություն ունի Ավստրիայի տնտեսական շահերի տեսանկյունից: Այդ իսկ պատճառով մենք ակնկալում ենք շարունակել հաջող գործընկերությունը Համաշխարհային բանկի Վիեննայի գրասենյակի այս անբաժանելի օղակի հետ ու ողջունում ենք STAREP ծրագրի մեկնարկը»:
Ավստրիայի Եվրոպական ու միջազգային գործերի նախարարության Զարգացման համագործակցության վարչության պետի տեղակալ պ-ն Անտոն Մեյրը կարևորեց Սևծովյան տարածաշրջանի կարևորությունը Ավստրիայի արտաքին քաղաքականության մեջ: Տարածաշրջանում ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կատարելագործման հարցում Համաշխարհային բանկի նախաձեռնություններին շարունակաբար աջակցելու պատրաստակամություն հայտնելով՝ նա ընդգծեց, այս ստանդարտների կարևորությունը Արևելյան գործընկերության երկրների տնտեսությունները Եվրոպայի տնտեսության հետ առավել սերտորեն ինտեգրելու հարցում:
Համաժողովի փակման ժամանակ Համաշխարհային բանկի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի Ծրագրային ծառայությունների ու որակի վարչության տնօրեն տ-ն Սամիա Մսադեքը շեշտեց Արևելյան գործընկերության երկրներում գործարար միջավայրի բարելավմանը (հատկապես ՓՄՁ-ների համար) ուղղված տարածաշրջանային նախաձեռնությունների, այդ թվում՝ STAREP-ի կարևորությունը, և շնորհակալություն հայտնեց Ավստրիական կառավարությանն ու մասնակից երկրների ներկայացուցիչներին՝ բարեփոխումներ կատարելու պատրաստակամության համար: «Արևելյան գործընկերության երկրների համար STAREP-ը ստեղծում է մասնավոր հատվածի զարգացման ու ընդհանուր բարեկեցության համար նպաստավոր ֆինանսական հաշվետվությունների համակարգի ձևավորման շուրջ համատեղ աշխատելու հետաքրքիր հնարավորություն», - եզրակացրեց տ-ն Մսադեքը:
STAREP ծրագիրը իրականացվելու է Համաշխարհային բանկի Ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների կենտրոնի (CFRR) կողմից, որը ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների իրականացման հետ կապված գիտելիքա-խորհրդատվական ծառայություններ ապահովող մասնագիտացված կառույց է Վիեննայում: Նոր ծրագիրը կկառուցվի այն հաջողությունների շուրջ, որոնք գրանցվել են հարավ-արևելյան Եվրոպայի ԵՄ անդամության թեկնածու երկրներում CFRR-ի իրականացրած «Ճանապարհ դեպի Եվրոպա. Հաշվապահական հաշվառման բարեփոխումներ ու ինստիտուցիոնալ հզորացում» (REPARIS) ծրագրի շրջանակում:
STAREP ծրագրի ներքո նոր օրենսդրական դաշտը արդյունավետորեն գործարկելու համար անհրաժեշտ հաստատությունների ձևավորումը նույնքան կարևորություն է ստանում, որքան հաշվապահական հաշվառման ու աուդիտի օրենսդրության մշակումն ու բովանդակությունը: Նոր ծրագրի կարևոր մասն են կազմում հաշվետվական ստանդարտների ձևավորման ու կարգապահության հարցում իրենց դերակատարումն իրականացնելու հարցում հաշվապահական հաշվառման ու աուդիտի մասնագիտական կառույցներին օգնելը, մասնագիտական կրթության համակարգերի արդիականացումը բուհական համակարգում և այլուր: Ծրագրի ներքո նաև առաջնահերթ համարվում հաշվապահական հաշվառման ու աուդիտի բարեփոխումներ իրականացնող նմանատիպ խնդիրներ ունեցած կամ ունեցող այլ երկրների փորձից դասեր քաղելը: