ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
2010թ. տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը զեկույցը միտված է գնահատելու Հայաստանի սոցիալական վիճակի և կենսամակարդակի փոփոխությունները 2008-2010թթ.: Սույն զեկույցը` թվով տասներկուերորդն է ՀՀ ԱՎԾ կողմից ամենամյա պարբերականությամբ հրապարակվող համանուն զեկույցների շարքում: Նշյալ զեկույցի հիմնական նպատակն է հանրությանը տրամադրել տեղեկատվություն երկրում աղքատության մակարդակի և սոցիալական վիճակի վերաբերյալ` ըստ 2010թ.-ի տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) արդյունքների:
2007թ-ի հունվարի 1-ից մինչև 2012թ-ի հունվարի 20-ը իրականացվող տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամբողջացված հետազոտությունները համաֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեի և Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի /ՀՄԿ/ ֆինանսավորմամբ գործող < > հիմնադրամ–Հայաստան>> պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՄՀ-Հայաստան) կողմից:
Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՄԿ փորձագետներն աջակցել են ՀՀ ԱՎԾ-ին ՏՏԿԱՀ բնակչության հաշվարկները Հայաստանի բնակչության պաշտոնական տվյալների հետ համահարթեցման գործում, ինչպես նաև հին մեթոդաբանության հիման վրա ՏՏԿԱՀ աղքատության հաշվարկների ստուգաճշտման (վերիֆիկացման) մասով: Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի /ՀՄԿ/ ֆինանսավորմամբ վերանայվել է ՏՏԿԱ հետազոտության ընտրանքը և ընդլայնվել է հատկապես գյուղական ընտրանքը` ԱՄՆ կառավարության Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) կողմից, Հայաստանի գյուղատնտեսության և ոռոգման ոլորտներում կատարված 177 մլն. ԱՄՆ դոլարի ներդրման ազդեցությունը վերլուծելու նպատակով: ՀՄՀ-Հայաստան ծրագրի նպատակն է կրճատել գյուղական աղքատությունը` կենսական մեծ նշանակություն ունեցող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև ֆերմերներին ու վերջիններիս ջուր մատակարարող կառույցներին ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու միջոցով:
Թեև զեկույցի հիմքում հիմնականում ՀՀ ԱՎԾ կողմից իրականացված տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքներն են, օգտագործված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը:
Զեկույցի վերլուծական շարադրանքն իրագործվել է Համաշխարհային բանկի վերլուծական և տեխնիկական աջակցությամբ:
Հայաստանում բարեկեցության մակարդակը գնահատելու համար օգտագործվել է սպառման ագրեգացված ցուցանիշը: Միջազգային փորձից ելնելով` ընդունված է, որ սպառումն ավելի ճշգրիտ տեղեկատվություն է ներկայացնում և այդքան էլ զգայուն չէ կարճատև տատանումների նկատմամբ, քան եկամտի ցուցանիշը, հատկապես անցումային տնտեսությամբ երկրներում:
Զեկույցում ներկայացված է 2008-ից 2010թթ.-ի Հայաստանի աղքատության պատկերը: Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցությամբ աղքատության չափման և վերլուծության մեթոդաբանությունը վերանայվել է ( հիմնված 2009թ.-ի տվյալների վրա), և արտացոլում է վերջին մի քանի տարիների ընթացքում տնային տնտեսությունների սպառման մեջ տեղ գտած փոփոխությունները: Աղքատության արդիականացված մեթոդաբանությունը, ի տարբերություն նախորդի, որը հիմնված էր 2004թ.-ի տվյալների վրա, հնարավորություն է տալիս ավելի բարձր աղքատության գծերով ընդգծել կենսապայմանների ընդհանուր փոփոխությունները և տնային տնտեսությունների բյուջեում ոչ պարենային սպառման ծախսերի աճող կարևորությունը:
2010թ.-ին աղքատության գիծը հաշվարկվել է օգտագործելով 2009թ.-ի փաստագրված նվազագույն պարենային զամբյուղը և գնահատված` ոչ պարենային ապրանքների մասնաբաժինը:
Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:
2010թ.-ին աղքատության ընդհանուր` վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ աղքատության գծերն` արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով մեկ ամսվա համար գնահատվել են, համապատասխանաբար` 33517 դրամ (կամ 89.7 ԱՄՆ դոլար), 27410 դրամ (կամ 73.4 ԱՄՆ դոլար) և 19126 դրամ (կամ 51.2 ԱՄՆ դոլար) :
Զեկույցում զետեղված են նաև համաշխարհային ֆինանսատնտեսական, պարտքային, իրացվելիության և վստահության ճգնաժամերի վնասակար ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա , սկսած 2008թ.-ի չորրորդ եռամսյակից: 2008-2010թթ.-ին Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարևոր գործոնը` 2009թ.-ին տնտեսության խոր անկումն էր`14.1%: Հայաստանի տնտեսությունը 2010թ.-ին մի փոքր աճեց նախորդ տարվա նկատմամբ` 2.1%: Տնտեսության խոր անկումը զուգորդվելով բնակչության եկամուտների ավելացող անհավասարության հետ, նպաստել է բնակչության սպառման նվազմանը: Ինչպես բացահայտում են 2010թ.-ի ՏՏԿԱՀ տվյալները, ողջ բնակչության միջին ամսական իրական սպառումը 2008թ.-ի համեմատ նվազել է 8%-ով: Նվազումը նկատվել է սպառման բոլոր քվինտիլներում, բացի ամենահարուստ 5-րդ քվինտիլի, որտեղ արձանագրվել է սպառման աճ:
2010թ.-ին 2008թ.-ի նկատմամբ աճել է թե´ աղքատության մակարդակը, թե´ դրա խորությունն ու սրությունը: 2010թ.-ին բնակչության ավելի քան ամեն երրորդը` 35.8% , եղել է աղքատ, նրանցից մոտ ամեն հինգերորդը`21.3%` շատ աղքատ, իսկ 3.0%-ը`ծայրահեղ աղքատ: Երկու տարվա ընթացքում մոտ 270 հազար մարդ դարձել է աղքատ, հասցնելով աղքատների թվաքանակը 2010թ.-ին մոտ 1.2 մլն-ի. (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), մոտ 290 հազարը, նույն ժամանակահատվածում, դարձել են շատ աղքատ, հասցնելով շատ աղքատների թվաքանակը 694 հազարի: Միայն երկու տարվա ընթացքում մոտ 46 հազարը դարձել է ծայրահեղ աղքատ, հասցնելով ծայրահեղ աղքատների թվաքանակը 2010թ.-ին մոտ 98 հազարի:
Աղքատության խորության 8.1% գնահատականը ցույց է տալիս, որ եթե երկիրը հնարավորություն ունենար յուրաքանչյուր անհատի հաշվով (և` աղքատ, և` ոչ աղքատ) համախմբելու աղքատության գծի 8.1%-ին համարժեք ռեսուրսներ, և եթե այդ ռեսուրսները հատկացվեին աղքատներին, ապա աղքատությունը տեսականորեն կվերանար, ենթադրելով, որ աղքատներին ուղղված աջակցությունն ամբողջությամբ հատկացվում է աղքատներին: Եթե աղքատության խորությունը հաշվարկվում է միայն աղքատ բնակչության հաշվով, ապա այն ցույց է տալիս աղքատության պակասուրդը, այսինքն` այն ցույց է տալիս, թե որքանով է աղքատների միջին եկամուտը (կամ սպառումը) ցածր աղքատության գծից:
Աղքատության սրությունը ցույց է տալիս աղքատների միջև եղած անհավասարությունը: Այն հաշվի է առնում, որ որոշ աղքատների սպառումը շատ է հեռու աղքատության գծից, իսկ որոշ աղքատներինը` շատ մոտ: 2010թ.-ին աղքատության սրությունը եղել է 2.5%:
2010թ.-ի ընթացքում Հայաստանում աղքատությունը նկատելի աճել է 2008թ.-ի համեմատ: Առավել արագ ավելացել է ծայրահեղ աղքատության մակարդակը` 1.9 անգամ (կամ 1.4 տոկոսային կետով), շատ աղքատների աղքատության մակարդակն ավելացել է 1.7 անգամ (կամ 8.7 տոկոսային կետով), իսկ ընդհանուր աղքատության մակարդակը` 29.7 %-ով (կամ 8.2 տոկոսային կետով): Աղքատությունը 2010թ.-ին դարձել է ավելի խորը և սուր: 2010թ.-ին աղքատության խորությունը գնահատվել է 8.1%` 2008թ.-ի 5.1 %-ի համեմատ (աճը 1.6 անգամ), իսկ աղքատության սրությունը գնահատվել է 2.5 %` 2008թ.-ի 1.4 %-ի համեմատ (աճը 1.9 անգամ):
Աղքատության գծի նկատմամբ աղքատների համար անհրաժեշտ լրացուցիչ սպառման պակասուրդը, %-ներով արտահայտված, կազմել է 22.6 %:
Աղքատությունը 2010թ.-ին շատ չի տարբերվում ըստ քաղաքային (35.7%) և գյուղական բնակավայրերի (36.0%): 2008-2010թթ.-ին աղքատության մակարդակի աճը գյուղական բնակավայրերում ավելի արագ էր ընթանում, քան քաղաքային բնակավայրերում (8.5 տոկոսային կետ` 8.1 տոկոսային կետի դիմաց): Մայրաքաղաք Երևանում աղքատության մակարդակն ամենացածրն է երկրում (27.1%) ` ըստ տարածաշրջանների: 2008թ.-ի համեմատ աղքատության աճը 2010 թ.-ին Երևանում կազմել է 7.0 տոկոսային կետ, Երևանից դուրս, այլ քաղաքային բնակավայրերում`9.6 տոկոսային կետ: Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (64.3 %) քաղաքաբնակներ են:
Ջինիի գործակցի միջոցով գնահատված անհավասարության ցուցանիշները վկայում են, որ Հայաստանում բնակչության բևեռացումն ըստ եկամուտների ցուցանիշի ավելի խորն է` սպառման ցուցանիշի համեմատ:
2010թ.-ին սպառման անհավասարությունը, որը չափվում է Ջինիի գործակցով, ավելացել է` կազմելով 0.265` 2008թ.-ի 0.242-ի համեմատ: Ըստ ամբողջական եկամուտների անհավասարությունն ավելացել է` կազմելով 2010թ.-ին 0.362` 2008թ.-ի 0.339-ի համեմատ:
Աղքատության և կենսամակարդակի վերաբերյալ բնակչության սուբյեկտիվ գնահատականները 2010թ.-ի հետազոտության ընթացքում տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի առկա անդամներին տրվել են հարցեր կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականների վերաբերյալ: Հայաստանում մեկ չափահասին համարժեք սպառման ագրեգատի հիման վրա հաշվարկված կենսամակարդակի օբյեկտիվ գնահատականի (35.8%) համեմատ, սուբյեկտիվ գնահատականներն (իրենց բարեկեցության վերաբերյալ անհատների անձնական տեսակետներն) ավելի ցածր են (14.6% ):
Իրենց ծայրահեղ աղքատ են համարել միայն 2.2%-ը` 3.0% մեկ չափահասին համարժեք սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակի համեմատ: 2008թ.-ի համեմատ 2010թ.-ին աղքատության մակարդակի վերաբերյալ սուբյեկտիվ գնահատականներն ավելի ցածր են (2010թ.-ին 14.6 %-ը 2008թ.-ի 17.0%-ի համեմատ):