Skip to Main Navigation
ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ մայիս 12, 2021Õ©.

Հայաստանի խոտհարքները․ ինչպես ռեսուրսախնայող անասնապահության միջոցով մեծացնել եկամուտներն ու միաժամանակ պահպանել շրջակա միջավայրը

Image

Համաշխարհային բանկ Հայաստան


Հայաստանի համայնքների օրինակը ցույց է տալիս, թե ռեսուրսախնայող անասնապահությունն ինչպես է մեծացնում ընտանիքի եկամուտները՝ միաժամանակ պահպանելով բնությունը։ Թեև Հայաստանի մասնաբաժինը ջերմոցային գազերի արտանետման (ՋԳԱ) գլոբալ ծավալում համեմատաբար փոքր է, երկիրը պարտավորվել է մինչև 2050 թվականը հասնել ՋԳԱ արտանետումների չեզոք մակարդակի, և այս հավակնոտ նպատակին հասնելու ճանապարհին կարևորվում է գյուղատնտեսության և խոտհարքների կառավարման դերը։

Հայաստանի ալպիական խոտհարքները կազմում են երկրի ընդհանուր հողատարածքի մոտավորապես 60 տոկոսը և շատ կարևոր են բնապահպանական ու տնտեսական բարօրության իմաստով։ Խոտհարքները կարող են նպաստել գլոբալ տաքացման գործընթացի մեղմացմանը, քանի որ դրանք հանդես են գալիս որպես սուզարաններ, որոնք մթնոլորտից կլանում են CO2 գազը։ Ավելին, այս խոտհարքները որպես արոտատեղի են ծառայում երկրի անասնակազմի համար, քանի որ անասնակերի արտադրությունը կենսական նշանակության ոլորտ է Հայաստանի գյուղմթերքի թողարկման համար։

Հայաստանը կարևորում է արոտավայրերի պահպանությունը։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի շրջանակներում ներկայացված 6-րդ ազգային զեկույցում ազգային 4-րդ թիրախին (կենաբազմազանության միջավայրերի ավելի լավ պահպանություն՝ դեգրադացիան նվազագույնի հասցնելու միջոցով) համահունչ՝ Հայաստանն ընդգծել է հողերի կայուն կառավարման մոտեցումներ ներդնելու կարևորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արոտավայրերի դեգրադացիան էական սպառնալիք է բնական էկոհամակարգերի և անասնաբուծության համար։

Հայաստանն առանց ծովային սահմանների, 3 միլիոն բնակչություն ունեցող երկիր է, որտեղ գյուղատնտեսությունն ապահովում է ՀՆԱ-ի 12 տոկոսը, և, այս իմաստով, անասնակազմին ու արոտավայրերին սպառնացող գործոնները կարող են էականորեն ազդել կենսապահովման միջոցների վրա։ Չնայած անցած տասնամյակում արտադրողականությունն էականորեն բարձրացել է՝ փոքր գյուղացիական տնտեսություններ ունեցող բնակչության մի մեծ խավ չափազանց խոցելի վիճակում է․ նրանց 26․4 տոկոսն աղքատ է։

Բերքատվության մակարդակն էականորեն զիջում է իրական պոտենցիալին, արդյունավետ անասնաբուծությանը խոչընդոտում են արոտավայրերի վատ կառավարումն ու դրանց ոչ խնայողական օգտագործումը։ Ամենատարածված խնդիրներից են ամենամատչելի արոտավայրերի գերարածեցումն ու դեգրադացիան, հեռավոր արոտավայրերի թերօգտագործումը, ձմեռային կերերի վատ որակն ու պակասը, կենդանիների առողջության հետ կապված խնդիրներն ու վատ գենետիկ ռեսուրսները։

Այս խոչընդոտները հնարավոր կլինի հաղթահարել, իսկ ոլորտի ներուժն՝ իրացնել, եթե կյանքի կոչվեն կայուն կառավարման պլանները, բարելավվի շուկայի հասանելիությունը, աջակցություն տրամադրվի առևտրայնացման գործընթացին և ընդլայնվեն զբաղվածության հնարավորությունները գյուղական շրջաններում։

Եվ պարտադիր չէ, որ այս ամենն իրականացվի բնության պահպանության հաշվին։ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Համայնքային գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ու մրցունակության երկրորդ ծրագիրը (CARMAC 2)  նպատակադրում է ծրագրում ընդգրկված համայնքներում բարելավել արոտավայրերի ու անասնաբուծության համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը և մեծացնել արտադրության ծավալներն անասնաբուծության և առևտրային նշանակության գյուղմթերքի արժեշղթաներում՝ միաժամանակ հզորացնելով հանրային հատվածի հաստատությունները։


Image

Համաշխարհային բանկ Հայաստան


Համայնքային արոտավայրերի և անասնաբուծության կառավարման համակարգ

Հիմնվելով նախորդ ծրագրի արդյունքների վրա և որդեգրելով ներառական մասնակցության գործընթաց՝ CARMAC 2-ը համապատասխան ուսուցում է տրամադրում 109 համայնքների, որոնք տնօրինում են 207,000 հեկտար համայնքային արոտավայրեր (երկրի արոտավայրերի ընդհանուր տարածքի մոտավորապես 19 տոկոսը), և իրականացնում է արոտների ու կերային բազայի համապարփակ գնահատում։ Այս համայնքներում բնակվում են 65,000 տնային տնտեսություններ, մոտ 285,000 բնակիչներով, և կանայք ու գյուղական երիտասարդությունն ընդգրկված են ուսուցման ծրագրերում։

Էականորեն բարելավվել են կենսազանգվածի, բուսական ծածկի արտադրողականության և տնային տնտեսությունների եկամուտների ցուցանիշները։ Անասնակազմի ջրարբիացման կետեր են կառուցվել արոտներում, բարելավվել է արոտների և անասնաբուծության համակարգերի արդյունավետությունը, մեծացել է արտադրության ծավալը բարձրարժեք գյուղմթերքի մի շարք արժեշղթաներում։ Միաժամանակ բնապահպանական բարելավումներ են կատարվել դեգրադացված հողերում։

«Անասնագլխի քանակն ավելացել է 70 տոկոսով։ Կաթնատվությունն ու մսատվությունը ևս բարձրացել է։ Կենդանիներն արածեցվում են հերթով, ինչի շնորհիվ տեսանելի արդյունքներ ենք գրանցել հողի դեգրադացման դեմ պայքարում», նշում է Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի համայնքապետ 29-ամյա Արամ Կարապետյանը։

Արժեշղթայի զարգացում

CARMAC 2-ը նաև օգնում է տեղացի ագրո-արտադրողներին և պտուղ-բանջարեղենի վերամշակողներին՝ ներքին պահանջարկն ապահովելու և միջազգային հնարավորություններից օգտվելու հարցում։ Վերջինս իրականացվում է այն արժեշղթաների զարգացման միջոցով, որտեղ Հայաստանն ունի մրցակցային առավելություն, օրինակ՝ կաթ, մեղր, միրգ և բանջարեղեն։ Սա ենթադրում է արտադրողների և վերամշակողների միջև կապերի ամրապնդում, պարենային անվտանգության խթանում և աջակցություն վերամշակման ու մարքեթինգային ռազմավարություններին։

«Հայաստանը կարևորում է գյուղական ձեռնարկությունների հետագա զարգացումը։ Այս ծրագիրն առանցքային է գյուղմթերք արտադրողների և պտուղ-բանջարեղեն վերամշակող արդյունաբերության միջև կապերի ամրապնդման, պարենային անվտանգությունը խթանելու և վերամշակմանն ու արտադրված ապրանքների շուկայահանմանն օժանդակելու հարցում», - նշում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Image
Նավուր համայնք, Տավուշի մարզ, մինչ ծրագրի միջամտությունը և հետո:

Պետական հաստատությունների ուժեղացում

Ծրագիրը մեծացնում է պետական հաստատությունների՝ բիզնեսի զարգացմանը և ընտրված արժեշղթաներում շուկայահանմանը նպաստելու կարողությունները, այդ թվում կապակցելով կաթնամթերքի և պանրի արտադրությունը, պտուղ-բանջարեղենի, թռչնամսի և խոտաբույսերի արտադրությունը։

Ինչպես նշված է Հայաստանի Կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունում, CARMAC 2-ն օժանդակում է երկրի 2019 թ․ տեսլականի իրագործմանը՝ պաշտպանելով և օգտվելով երկրի երկու առանցքային ակտիվների՝ հողի և երիտասարդների լիարժեք ներուժից։ Սա նշանակում է գյուղատնտեսության ոլորտում անցում ավանդաբար փոքրամասշտաբ արտադրությունից շուկայական և տեխնոլոգիական համակարգի, միաժամանակ երիտասարդների համար ապահովելով հնարավորությունների հասանելիություն և ոլորտի համար ներգրավելով, ոգևորելով և ձևավորելով տաղանդների կայուն մատակարարում։ Մինչ աշխարհի երկրները պայքարում են Քովիդ-19 համավարակի դեմ, Համաշխարհային բանկն օգնում է կառավարություններին, այդ թվում՝ Հայաստանի, մարդկային կյանքի ու կենսապահովման միջոցների պաշտպանությանն ուղղված ռազմավարությունները կյանքի կոչելու հարցում՝ միաժամանակ պահպանելով և վերականգնելով բնական պաշարները։

Այժմ, առավել քան երբևէ անհրաժեշտ են սոցիալ-տնտեսական աճի և շրջակա միջավայրի պաշտպանության միասնական քաղաքականություններ։ Երկրի խոտհարքների կայուն կառավարման և շրջակա միջավայրին չվնասող անասնաբուծության միջոցով Հայաստանն աշխատում է ավելի կանաչ և դիմակայուն վերականգնման ուղղությամբ։


Api
Api