Skip to Main Navigation
ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ դեկտեմբեր 6, 2019Õ©.

Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց աղետակայունությունը դեռ առաջնահերթություն է Հայաստանում

Image

«Տղան պատուհանում» - Հայաստան, Սպիտակի մոտակայքում վնասված տան մոտ կանգնած մի տղա

Լուսանկարը՝ Ռազմիկ Զաքարյանի («Դիմակայուն Հայաստան» լուսանկարների մրցույթի հաղթող)



Ինչպես Սպիտակի երկրաշարժն օգնեց աղետների ռիսկի կառավարման զարգացմանը Հայաստանում

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Կովկասյան լեռների հարավում, առանց որևէ նախանշանի, երկրակեղևը բացվեց, ինչի հետևանքով  6.8 բալ ուժգնությամբ սեյսմիկ ալիքը՝ երկրաշարժի էպիկենտրոնից ժամում հազարավոր մղոններ արագությամբ հասավ մոտակա քաղաքներ՝ Սպիտակ, Գյումրի և Վանաձոր, և մի փոքր հեռու ընկած գյուղեր՝ միաժամանակ ցնցելով գրեթե ողջ հանրապետությունը։

Այդ աղետի հետևանքով, որը հայտնի է «Սպիտակի երկրաշարժ» անվանմամբ, գրանցվեց այդ տասնամյակում աշխարհում երկրաշարժից մահացության դեպքերի ամենամեծ ցուցանիշը։ Դրան հաջորդած միջազգային օգնությունը նոր ուղղվածություն ստացավ՝ կենտրոնանալով աղետակայունության ծրագրերի վրա՝ Հայաստանում և, իրապես, նաև՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։

Սպիտակի երկրաշարժի ավերածության մասշտաբները նշանակալի էին։ Ավելի քան 25,000 մարդ զոհվեց, և մոտ 130,000 մարդ վիրավորվեց։ Բացի այդ, աղետը վնասեց Հայաստանի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների մեծ մասը, ինչի հետևանքով հանրապետության կրած տնտեսական վնասը գնահատվում է 15-ից 20 միլիարդ ԱՄՆ դոլար։


Image

1988 թ․ Սպիտակի երկրաշարժի սոցիալ-տնտեսական հետևանքները․

Լուսանկարը՝ Համաշխարհային բանկի


Սպիտակի երկրաշարժին հաջորդած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանն որոշակի կարևոր քայլեր է ձեռնարկել աղետակայունության ուղղությամբ։ Այդ քայլերից էր Արտակարգ իրավիճակների կառավարման առաջին վարչական կառույցի ու Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ստեղծումը 1991 թվականին։ Այնուհետև Հայաստանը պաշտոնապես միացավ Բնակչության պաշտպանության միջազգային կազմակերպությանը և ձևավորեց արագ արձագանքման փրկարար թիմ։

Սպիտակի երկրաշարժին հաջորդած տարիներին գրանցված գլոբալ զարգացում էր  Միավորված ազգերի կազմակերպության կողմից առաջնորդվող մեխանիզմը, որը ձևավորվել է աղետի գոտիներում հրատապ արձագանքման փրկարար թիմեր տեղակայելու նպատակով․ սա մի համակարգ է, որը ստեղծման պահից արձագանքել է հարյուրավոր աղետների և հազարավոր կյանքեր է փրկել ողջ աշխարհում։ 


Image
Արագ արձանանքման մարզային թիմի վերապատրաստում Հայաստանում Լուսանկարը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

Վերջին տասնամյակում Հայաստանի կառավարությունը վերահաստատել է աղետակայունություն ձևավորելու իր հանձնառությունը։ Իրականացվող նախաձեռնություններից են ազգային հարթակների ստեղծումը կլիման ու աղետների ռիսկերն ավելի լավ հասկանալու համար, աշխատանքն աղետակայուն ենթակառուցվածքներում կատարվող ներդրումներն ընդլայնելու ուղղությամբ և աղետների ռիսկի կառավարման քաղաքականություններն ու կարգավորումները պետական հաստատություններում մասսայական ներդնելը։ Ի լրումն նշվածի՝ ազգային առաջնահերթություն է դարձել դպրոցների սեյսմիկ անվտանգությունը։

Համաշխարհային բանկի և այլ միջազգային կազմակերպությունների օգնությամբ Հայաստանի կառավարությունը 2017 թվականին հաստատել է Աղետների ռիսկի կառավարման ազգային համակարգ և ռազմավարություն, որոնք երկուսն էլ համապատասխանում են Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրին, որն աղետակայության ամրապնդման համաշխարհային ծրագիր է, և Կայուն զարգացման նպատակներին։ Միասին՝ այս ծրագրերը նոր, առաջահայաց թիրախներ են առաջադրում կառավարությանը՝  սոցիալական, ֆիզիկական և տնտեսական դիմակայունության բնագավառում մինչև 2030 թվականը հասնելու համար։

Ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության ապահովման ընդլայնված ջանքերի և  պատրաստվածության համապարփակ միջոցառումների շնորհիվ Հայաստանն էականորեն բարեփոխել է սեյսմակայուն շինարարության նորմերը։ Հանրապետությունում գործում է արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքում ապահովող իրավական դաշտ, և փորձի փոխանակման նպատակով մասնագետներ են ուղարկվում արտերկիր։

Աղետների հետևանքների ֆինանսական ազդեցություններն ավելի լավ պատկերացնելու հարցում Հայաստանի իշխանություններին օգնելու նպատակով Համաշխարհային բանկը և Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ կառույցը խորհրդատվություն են տրամադրել աղետների ռիսկի ֆինանսավորման վերաբերյալ, որի շրջանակներում գույքագրվել են Հայաստանում աղետներին արձագանքման աշխատանքները ֆինանսավորելու համար օգտագործվող առկա գործիքները և ուրվագծվել են աղետների ռիսկի ֆինանսավորման և ապահովագրության քաղաքականության տարբերակներ։

«Թեև այս ողբերգությունից արդեն երեք տասնամյակ է անցել, սակայն դրա հետևանքները դեռևս զգացվում են մարզում», նշել է Համաշխարհային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը։ «Համաշխարհային բանկի խմբում մենք հպարտ ենք օգնելու Հայաստանի Հանրապետությանը՝ կլիմայի և աղետակայունության ուղղությամբ իր ջանքերը խորացնելու գործում։ Մենք հույս ենք տածում, որ կառավարության, համայնքների և միջազգային կառույցների ընթացիկ գործունեության արդյունքում կապահովենք ավելի ապահով ու ավելի բարգավաճ ապագա բոլոր հայաստանցիների համար»։

Թեև դեռևս կան խնդիրներ, սակայն Հայաստանը կարևոր մեծ քայլեր է կատարում աղետակայունությունը զարգացնելու ուղղությամբ՝ դա իրականացնելով պատրաստվածության ռազմավարությունների և աղետների ռիսկերի կառավարման բնագավառում իր փորձը ներդնելու միջոցով։ Սպիտակի երկրաշարժից ավելի քան երեսուն տարի անց այս ողբերգությունը շարունակում է հանդիսանալ հզոր հիշեցում Հայաստանի բոլոր բնակիչների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության։ 



Api
Api