Skip to Main Navigation
ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ դեկտեմբեր 21, 2018Õ©.

Հեքըթոն Երևանում. նոր տեխնոլոգիաները հանուն սեռով պայմանավորված բռնությունների կանխարգելման

Image

Դեկտեմբերի 15-16-ին Ինժեներական Քաղաքի սրճարանում նորարարական և անսովոր գաղափարների եռուզեռ էր՝ «Geek-երն ընդդեմ սեռով պայմանավորված բռնության» հեքըթոնի շրջանակներում:

Ներառելով 14 թիմեր՝ հեքըթոնը մեկտեղել էր մոտ 50 ՏՏ մասնագետների, ծրագրավորողների, ստարթափ հիմնադիրների, գենդերային հարցերով փորձագետների՝ մշակելու բջջային հավելվածներ Հայաստանում սեռով պայմանավորված և այլ բռնությունների կանխարգելման նպատակով:

Հեքըթոնը հյուրընկալեց ստեղծագործ միտք ունեցող, տարբեր մասնագիտական խմբեր ներկայացնող մարդկանց՝ շնորհիվ միջոցառման կազմակերպիչների՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Համաշխարհային բանկի 2018 թ. «Նորարարության զարգացման շուկայական հարթակ» մրցույթի հաղթող) և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի: Ի լրումն հավելվածներ մշակողների, միջոցառմանը ներգրավված էին նաև ուսանողներ:

Image

Image

Image

«Նախքան հեքըթոնի մասին հայտարարությանը ծանոթանալը չէի պատկերացնի, որ երբևէ կհետաքրքրվեմ այս թեմայով», ասում է Շահանե Առուշանյանը՝ մասնակիցներից մեկը: «Վերջին 10 օրում սկսեցի կարդալ, քիչ-քիչ խորանալ այս ցավալի թեմայի մեջ ու հիմա ոգևորված եմ, եթե ոչ խանդավառված, հանդես գալ մի գաղափարով, որը կարող է վերածվել հավելվածի»:

Հեքըթոնին նախորդած ամիսներին կազմակերպիչ թիմը տարբեր տեղեկատվական հանդիպումներ է անցկացրել ՍՊԲ փորձագետների հետ՝  գլոբալ խնդրի մասին ավելին պարզելու և մտքեր փոխանակելու՝ ինչպես կարող է թվային հավելվածը օգնել այս պայքարում:

«Բնական է, որ գլոբալ մարտահրավերների դեմ պայքարելու թվային լուծումները լայն տարածում են գտնում», ասում է Ջինա Սարգիզովան՝ ՍՊԲ-ան հարցերով փորձագետ և հեքըթոնի ժյուրիի անդամ: «Չափազանց կարևոր է տեխնոլոգիաների միջոցով մարդկանց կարողությունների հզորացումը, հատկապես այն մարդկանց, ովքեր տառապում են: Բայց իրականում այս ամենի կենտրոնում ավելի շատ մարդն է, քան միայն տեխնոլոգիան»:


Image

ՍՊԲ-ան հարցերով փորձագետներն առաջարկեցին, որ հեքըթոնի մասնակիցները հատուկ ուշադրություն դարձնեն հինգ հիմնական հարցերին՝. կանանց դեմ բռնություններ, սեռական բռնություն երեխաների նկատմամբ, սեռական ոտնձգություններ վիրտուալ տիրույթում, ՍՊԲ-ների վերլուծություն և սեռական կրթություն: Մասնակիցներն աշխատեցին թիմերով, նաև զույգերով՝ փոխանակելով ամենատարբեր տեխնոլոգիական գաղափարներ:

«Մենք նախապատրաստված ենք եկել», ասում է Ռոբերտ Ադամյանը հեքըթոնի առաջին օրը: «Երեքս էլ փնտրել և ծանոթացել ենք առկա նյութերին: Այսօր եկել ենք հստակ նպատակով՝ գաղափարը մշակել 24 ժամվա ընթացքում: Հաջորդ հանդիպման համար շատ հարցեր ունենք. ո՞րն է առաջին քայլը, հաջորդ քայլը, ի՞նչն է ՍՊԲ-ան խնդիրներով զբաղվող բազմաթիվ կազմակերպությունների միջև լոգիստիկայի շղթայի բացակայության պատճառը և այլն»:

Երկրորդ օրը թիմերն անցկացրեցին վերջնական քննարկումներ, հղկեցին իրենց գաղափարները և պատրաստեցին ներկայացումները: Կեսօրից հետո 14 թիմերը ներկայացրեցին իրենց նախագծերը, տեղի ունեցավ հարց ու պատասխան: Այնուհետև հեքըթոնի ժյուրին հեռացավ խորհրդակցելու:

Image

Image

Image

«Ներկայացումներն աննկարագրելի էին, հպարտությունը, որը թիմերից յուրաքանչյուրն ուներ իր առաջարկած լուծման նկատմամբ՝ ոգեշնչող», ասում է Զառա Հովհաննիսյանը՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և ժյուրիի անդամ: «Ինձ համար իբրև փորձագետի ոգևորիչ էր տեսնել, թե ինչքան շատ բան են նրանք սովորել այս կարճ ժամանակահատվածում, և թե ինչ հնարավորություններ են ընձեռում նոր տեխնոլոգիաները»:

Ժյուրիի կողմից ընտրված հաղթող գաղափարներն ընդգրկուն էին՝ պատանիների համար սեռական կրթության մասին թվային հարթակից մինչև հավելված, որտեղ գրանցվում են բռնարարքների լուսանկարներն ու ավտոմատ կերպով կապ հաստատում ոստիկանության հետ:

Ո՞րն է հաջորդ քայլը

«Մենք շարունակելու ենք աշխատել հաղթողների հետ՝ կատարելագործելու նրանց գաղափարները», ասում է ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: «2019 թ. հունվարին կհայտարարենք հաջորդ փուլը՝ ներգրավելով տեխնոլոգիական ընկերություններին և կփորձենք այս գաղափարները համադրել տեխնոլոգիական լուծումների հետ՝ ստեղծելու մասնագիտացված ընկերությունների հաջորդ «պարտադիր» հավելվածը:

Միջոցառման արդյունքում հաստատվեցին նաև նոր կապեր և գործընկերություն՝ թվային տեխնոլոգիաները դիտարկելով որպես միավորող օղակ: Հեքըթոնի երկու օրերի ընթացքում սեռով պայմանավորված բռնությունը՝ որպես հիմնախնդիր, որն առկա է ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում, շարժառիթ դարձավ երիտասարդ սերունդի համագործակցության և պայմանական մտածողության սահմաններից դուրս գալու համար՝ համախմբելով այլոց պաշտպանությանը սատարելու նպատակի շուրջ:

Image

Image

 


Api
Api