Վիգեն Սարգսյան,
Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ
Ժամանակն արագ է անցնում: Թվում է՝ Համաշխարհային բանկի խմբին Հայաստանի միանալուց ընդամենը մի քանի տարի է անցել և ոչ տասնամյակներ: Անհավատալի է, որ այսօր մենք տոնում ենք համագործակցության 25-ամյակը:
Հետադարձ հայացք գցելով այս տարիներին, որոնց ընթացքում Համաշխարհային բանկն աջակցել է անցումային ճանապարհն անցնող Հայաստանին՝ մենք հպարտությամբ արձանագրում ենք այն համատեղ ձեռքբերումները, որոնք գրանցել են Հայաստանի կառավարությունը և քաղաքացիները: Մեր կառույցը պատրաստ է աջակցել երկրի ապագա մարտահրավերների լուծմանը և զարգացման նպատակների իրականացմանը:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն անցել է տնտեսական փոփոխությունների և վերակառուցումների դրամատիկ և նշանակալից ճանապարհ: Այնուամենայնիվ, բնակչության մեծ մասը բախվում է դժվարությունների և դժգոհ է իրենց կյանքից: Ուստի, «երջանկության բացը» լրացնելը շարունակական տնտեսական աճի, մակրոտնտեսական ցուցանիշների կայունության և առավել ներառական ինստիտուտների կառուցման միջոցով այն հիմնական նպատակն է, որն առաջիկայում մեր կառույցի և բոլոր գործընկեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է լինելու: Մենք լիահույս ենք շարունակել մեր աշխատանքը հայ հասարակության հետ՝ կառուցելու վառ և կայուն ապագա բոլորիս համար: