Երկրի համակարգված գնահատում (ԵՀԳ) զեկույցը, վերնագրված «Սահմաններից անդին․ ներուժի բացահայտում հանուն կայուն ապագայի» գնահատում է երկրի հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները՝ արագացնելու առաջընթացը` վերջ դնելու ծայրահեղ աղքատությանը ապրելու մոլորակի վրա: Զեկույցը վերանայում է 2017 թվականին հրապարակված նմանատիպ վերլուծությունը՝ հաշվի առնելով Հայաստանի ներքին և արտաքին միջավայրի հիմնական փոփոխությունները և արտացոլում է նախորդ հինգ տարիների ընթացքում գրանցած նկատելի առաջընթացը, որի ընթացքում Հայաստանը միացել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքին։ Այս զեկույցը բացահայտում է Հայաստանում կայուն զարգացմանն ուղղված ռազմավարական ուղիները և առանցքային ոլորտներում մարտահրավերներին դիմակայելու գործնական գաղափարներ և առաջարկություններ է ներկայացնում`
- Ներդրումներ կատարել մարդկային կապիտալի մեջ. Ըստ զեկույցի, Հայաստանը կարող է բարելավել մարդկային կապիտալի որակը և այն վերածել դինամիկ ակտիվի: Օրինակ՝ կրթությունը կարող է բարելավվել՝ շեշտը դնելով ոչ թե ուսումնական հաստատատություններում ընդգրկվածների թվի, այլ կրթության որակի վրա և առաջնահերթություն տալով հավասար հասանելիությանը, հատկապես գյուղական համայնքներում: Հրատապ է առողջապահության ֆինանսավորման բարեփոխումը՝ նվազեցնելու գրպանից արվող ծախսերը և ապահովելու ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը բոլորի համար։ Սա հնարավորություն կտա ստեղծել բարձրարժեք մարդկային կապիտալ, ինչը կխթանի նորարարությունն ու տնտեսական աճը:
- Ստեղծել ավելի շատ և ավելի լավ աշխատատեղեր․ Զեկույցում տեղ գտած վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ավելի մեծ քանակով ու ավելի լավ որակով աշխատատեղեր ստեղծելու նպատակային ջանքերը կարող են նվազեցնել գործազրկության բարձր մակարդակը և նպաստել աղքատության կրճատմանը: Աշխատանք փնտրողների հմտությունների և աշխատաշուկայի պահանջների միջև անհամապատասխանության հասցեագրումը, մասնավորապես՝ մասնագիտական ուսուցման և կրթության ծրագրերի միջոցով, և արտադրողականության բարձրացումը կարող է օգնել ստեղծել ավելի կենսունակ, դինամիկ և մրցունակ տնտեսություն:
- Առևտրի դիվերսիֆիկացում. Հայաստանը կարող է ընդլայնել իր դեռևս ոչ ամբողջովին օգտագործված առևտրային ներուժը՝ դիվերսիֆիկացնելով առևտրային գործընկերներին և արտահանումը: Նոր գործընկերություններ հաստատելով և իր արտահանվող ապրանքների ստանդարտները բարձրացնելով` Հայաստանը կարող է նոր հնարավորություններ բացել տնտեսական բարգավաճման համար: Նման դիվերսիֆիկացիան կարող է բարձրացնել երկրի դիմադրողականությունը համաշխարհային տնտեսական տատանումներին և բարձրացնել երկրի մրցունակությունը միջազգային ասպարեզում:
- Շուկաներ մուտքի ապահովում. Հայաստանը՝ դեպի ծով ելք չունեցող երկիր է, որն ունի բարդ տեղագրություն, և բախվում է ֆիզիկական կապի, առևտրային լոգիստիկայի և թվային կապի մարտահրավերների, որոնք խոչընդոտում են զարգացմանը: Երկրի ներսում թույլ ենթակառուցվածքները խոչընդոտ են հանդիսանում ապրանքների, ծառայությունների և աշխատաշուկայի հասանելիության, ինչպես նաև հեռավոր գյուղական համայնքներում հանրային ծառայությունների մատուցման համար: Ներդրումներ կատարելով ենթակառուցվածքների մեջ և օպտիմալացնելով լոգիստիկ և մաքսային ծառայությունները՝ Հայաստանը կարող է բարելավել ապրանքների, ծառայությունների և աշխատանքի հնարավորությունների հասանելիությունը: Սա ոչ միայն նպաստում է տնտեսական աճին, այլ նաև խթանում է ինտեգրումը համաշխարհային արժեքային շղթաներին:
- Դիմակայունության ձևավորում. Հայաստանը կարող է բարձրացնել իր դիմակայունությունը տարբեր ցնցումների նկատմամբ, այդ թվում՝ անկայունության, հակամարտությունների և կլիմայի փոփոխության հետ կապված՝ առաջնահերթություն տալով գյուղական համայնքների, բնակչության առավել խոցելի խմբերի հզորացմանը և գենդերային հավասարության խթանմանը:
- Տեխնոլոգիաների և սփյուռքի օգտագործում. Հայաստանը կարող է հենվել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում իր փորձի, ինչպես նաև սփյուռքի վրա ՝ որպես գլոբալ ռեսուրս։ Օգտագործելով տեխնոլոգիաների ուժը և սփյուռքի ռեսուրսներն ու կապերը՝ Հայաստանը կարող է խթանել նորարարությունը, ձեռներեցությունը և գիտելիքների փոխանակումը: Սա ոչ միայն ամրապնդում է կապերն աշխարհի հետ, այլև նպաստում է կայուն զարգացմանը։
Զեկույցը կարևոր հիմք է հանդիսանում Համաշխարհային բանկի խմբի՝ Հայաստանի Երկրի գործընկերության նոր շրջանակի (ԵԳՇ) մշակման համար, որը կհրապարակվի ավելի ուշ՝ 2024 թվականին՝ ուրվագծելով Համաշխարհային բանկի ֆինանսական և փորձագիտական աջակցությունն երկրին առաջիկա հինգ տարիների ընթացքում կարևոր բարեփոխումներ իրականացնելու համար։