Skip to Main Navigation
publication

Թվային տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի ընկերությունների շրջանում

The World Bank

The World Bank
Այս զեկույցը վերլուծում է հայկական ընկերությունների կողմից թվային տեխնոլոգիաների կիրառումը՝ հիմնված Հայաստանի վիճակագրական կոմիտեի (ԱՐՄՍՏԱՏ) կողմից 2023 թվականին ավելի քան 1900 ընկերությունների շրջանում անցկացված հարցման արդյունքների վրա։ Ուսումնասիրությունը համեմատում է հայկական ընկերությունները Եվրոպական միության պրակտիկայի հետ և բացահայտում թվայնացման առաջմղման խոչընդոտներն ու հնարավորությունները մասնավոր հատվածի համար։

Հայաստանի տնտեսական աճն ուղեկցվել է արտադրողականության զգալի անհավասարություններով՝ թե՛ ոլորտների միջև, թե՛ դրանց ներսում, որտեղ որոշ ոլորտներում առաջատար ընկերությունները գերազանցում են ավելի պակաս պրոգրեսիվ ընկերություններին ավելի քան 35 անգամ։ Հայկական ընկերությունների թվայնացման առաջմղումը կարող է նպաստել արտադրողականության աճին, լրացնել հարուստ տնտեսությունների համեմատ տեխնոլոգիական բացը, կրճատել ծախսերը տարբեր ուղղություններով և բարձրացնել մասնավոր հատվածի դիմադրողականությունը ցնցումների նկատմամբ:

Ներբեռնել զեկույցն անգլերեն։

 

Հիմնական բացահայտումները

Թվային տեխնոլոգիաների սակավ կիրառում։ Հայկական ընկերությունների ավելի քան 60%-ը չի ներդրել ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը փաստում է այն մասին, որ եվրոպական գործընկերների հետ համեմատությամբ տեղական ընկերություններն առայժմ հետ են մնում «թվային հասունության» մակարդակում։ Առաջադեմ թվային տեխնոլոգիաները քիչ են օգտագործվում բիզնեսի այնպիսի կարևոր գործառույթներում, ինչպիսիք են արտադրությունն ու ծառայությունների մատուցումը (կիրառում է միայն 7% -ը):

Ոլորտային և մասշտաբի խնդիրներ։ Ինտերնետի արագությունը չափազանց կարևոր է ընկերությունների՝ թվային լուծումներն արդյունավետ օգտագործելու ունակության համար, սակայն հարցվածների ավելի քան 75%-ը հասանելիություն չունի գերարագ ինտերնետին, ինչը թվային փոխակերպման հիմնական գործոնն է: Ավելի մեծ ընկերությունները և ոլորտները՝ օրինակ հյուրընկալության և տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ)՝ ունեն թվային տեխնոլոգիաների ներդրման և կիրառման ավելի բարձր տեմպեր, ի համեմատ փոքր ընկերությունների և այլ ոլորտների հետ:

Արտադրողականության մարտահրավերներ։ Համեմատելի երկրների շարքում, Հայաստանը բախվում է աշխատուժի ցածր արտադրողականության խնդրին, որն ուղեկցվում է ոլորտներում վերին և ստորին ընկերությունների միջև կատարողականի մեծ տարբերությունով: Թվայնացումը կարող է զգալիորեն բարձրացնել արտադրողականությունը և ճկունությունը՝ նվազեցնելով ծախսերը լոգիստիկայի, պատվիրման, վերահսկողության և փոխադրման գործընթացներում։ Այս բարելավումները պարզեցնում են բիզնես գործընթացները, բարձրացնում արդյունավետությունն ու մրցունակությունը:

Նպաստող գործոններ։ Ընկերությունները բախվում են անորոշության, հմուտ աշխատողների պակասի, ինչպես նաև իրենց բիզնեսի կարիքներին համապատասխան թվային տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկությունների և իրազեկվածության բացակայությանը՝ միևնույն ժամանակ անորոշություն զգալով այդ տեխնոլոգիաների ներդրումների արդյունքների վերաբերյալ։ Կառավարման որակը և գլոբալ շուկաների հետ ինտեգրումը ևս երկու խթանիչ գործոններ են, որոնք բացատրում են տեխնոլոգիաների կիրառման միտումը։

Հմուտ աշխատողների պակաս և քաղաքական անկայունություն։ Խորքային հարցազրույցների արդյունքները փաստում են, որ ընկերությունները չունեն նոր տեխնոլոգիաների արդյունավետ ներդրման և կիրառման համար անհրաժեշտ մասնագետներ: Հմտությունների այս բացը ստիպել է որոշ բիզնեսների հետաձգել ներդրումները թվայնացման մեջ, մինչդեռ մյուսները վարանում են աշխատակիցներին վերապատրաստել՝ վախենալով, որ նրանք կարող են հեռանալ որակավորում ստանալուց հետո: Այս խնդիրը հատկապես ընդգծված է այն ընկերությունների շրջանում, որոնք արդեն իսկ ներդրել են թվային տեխնոլոգիաները՝ ընդգծելով լրացուցիչ բարելավումների անհրաժեշտությունը, ինչպիսիք են աշխատուժի ներգրավման, զարգացման և պահպանման ռազմավարությունները՝ թվային գործիքների առավելություններն առավելագույնի հասցնելու համար:

The World Bank

The World Bank

 

Առաջարկություններ

Նպատակային միջամտությունների միջոցով վերոնշյալ խնդիրների լուծումը կարող է կամրջել Հայաստանի տեխնոլոգիական բացը, խթանել տնտեսական աճը և բարձրացնել ընկերությունների դիմադրողականությունը ցնցումների նկատմամբ: Օգտագործելով թվայնացման և կապի հնարավորությունները, հմտությունների զարգացումը և բարելավված կառավարման պրակտիկան` Հայաստանը կարող է օգտվել թվային տեխնոլոգիաների ողջ ներուժից` խթանելու նորարարությունն ու մրցունակությունը:

Մարտահրավեր

Առաջարկվող լուծում

Մասնավոր ընկերությունների շրջանում սահմանափակ հասանելիությունը գերարագ ինտերնետին

Ընդլայնել թվային կապը: Բարձրացնել մրցակցությունը լայնաշերտ ծառայությունների ոլորտում և նվազեցնել ենթակառուցվածքի ծախսերը՝ գերարագ ինտերնետն ավելի մատչելի և հասանելի դարձնելու համար:

Թվային լուծումների ինտեգրմանն ուղղված աջակցության մեխանիզմների բացակայություն

Բարելավել խորհրդատվական ծառայությունները բիզնեսի համար: Տրամադրել միկրո, փոքր ու միջին ձեռնարկատիրություններին թվային լուծումների ինտեգրման աջակցություն, և հնարավորություններ ստեղծել գործընկերների հետ փորձի փոխանակման համար։ Սա կնվազեցնի անորոշությունը տեխնոլոգիաների ընդունման վերաբերյալ:

Հմուտ աշխատողների բացակայություն

Հասցեագրել հմտությունների բացի մարտահրավերը։ Հենվելով կրթական նախաձեռնությունների վրա՝ բարձրացնել աշխատողների որակավորումը, ներդնել վաուչերային սխեմաներ՝ թվային տեխնոլոգիաների ոլորտում աշխատուժի վերապատրաստումը խթանելու համար:

Կառավարման պրակտիկայի բացակայություն

Ուժեղացնել կառավարման պրակտիկան: Իրականացնել կարողությունների զարգացման ծրագրեր՝ բարելավելու ընկերության մակարդակի կառավարման որակը, որը լրացնում է թվային տեխնոլոգիաների ընդունումը։

Ֆինանսական սահմանափակումներ

Մեծացնել ֆինանսական աջակցությունը: Նպատակային ֆինանսական խթանների ներդրում, ինչպիսիք են վաուչերները՝ նվազեցնելու ժամանակակից տեխնոլոգիաների արժեքը և խթանելու դրանց ընդունումը, հատկապես փոքր ընկերությունների համար:

Ընկերությունների շրջանում բացակայող թվային գործիքների մասին տեղեկատվության պակաս

Բարձրացնել իրազեկվածությունը և տրամադրել տեղեկատվություն: Իրականացնել թվային հասունության գնահատումներ և համեմատական ​​ուսումնասիրություններ՝ ընկերություններին առաջնորդելու համապատասխան տեխնոլոգիաներ ընտրելու և դրանց ազդեցությունն առավելագույնի հասցնելու հարցում:

Սահմանափակ հանրային փորձ և հարկաբյուջետային սահմանափակումներ

Բարելավել հանրային հատվածի կարողությունները՝ մշակելու և գործարկելու արդյունավետ թվայնացման ծրագրեր՝ կենտրոնանալով քաղաքականության փորձարկման և ծախսարդյունավետության վրա։